Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջին անգամ փորձում է մինչեւ վերջ իրացնել հնարավորի սահմանները

Սեպտեմբեր 28,2018 15:30

«Առավոտի» զրուցակիցն է Պահպանողական կուսակցության
նախագահ Միքայել Հայրապետյանը

– Պարոն Հայրապետյան, սեպտեմբերի 23-ին Երեւանում տեղի ունեցան Թավշյա հեղափոխությունից հետո առաջին մեծ ընտրությունները։ Արդյունքները հայտնի են. «Իմ քայլը» դաշինքը ստացավ ավելի քան 80 տոկոս ձայն, մնացյալ քաղաքական ուժերը շնորհավորեցին հաղթողներին, արդյունքների վերաբերյալ կասկածներ չկան։ Ինչպե՞ս կգնահատեիք տեղի ունեցածը։

– Երեւանի ընտրությունների արդյունքները լիարժեքորեն եւ անխարդախ արտահայտում են ներկա հանրային տրամադրությունները: Դա պետության համար մեծագույն նվաճում է, եւ մեր երկրից արդեն համարժեք ու լուրջ պետության հոտ է գալիս: Դա, առանց չափազանցության, ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքակրթական նվաճում է: Շնորհավորել է պետք թե՛ «Իմ քայլը» դաշինքին, թե՛ նրան շնորհավորած եւ մրցապայքարում զիջած ուժերին:

– Ընտրարշավի ընթացքում ելույթներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններին նաեւ քվե է ակնկալում ներկայիս Ազգային ժողովն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ինչպիսի՞ զարգացումներ են ըստ այդմ ուրվագծվում Հայաստանում առաջիկա ժամանակաշրջանում, եւ ինչպե՞ս կգնահատեիք հնարավոր ռիսկերը։

– Վարչապետը միանգամայն իրավացի է: Եվ եթե մենք հիրավի պետություն ենք, ապա մեր պետության բարձրագույն գործադիր մարմին ձեւավորելու լիազորություն ունեցող բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Խորհրդարանը, եւս պետք է արտահայտի քաղաքական հարաբերակցությունն ու հանրային տրամադրությունները: Մինչ այժմ մեր երկրի առաջին ողբերգությունը եղել է հենց անհամարժեքությունը: Թավշյա եւ անարյուն հեղափոխությամբ մեր երկրի կարգաբանական աստիճանը մեկ կարգով բարձրացավ. հիմա վարչապետը եւս մեկ կարգով կարող է այն բարձրացնել, եթե նույնպիսի վարպետությամբ իրականացնի նաեւ համարժեքության իր պատկերացումը: Դրա համար նախ ակնկալվում է լեգիտիմության մշտական դեֆիցիտով կառավարությունների մաս կազմած ուժերի խոհեմությունը: Նրանք կկարողանա՞ն ընկալել, որ իրենց ինքնալուծարումը հանուն Հայաստանի պետության է լինելու, թե՞ կշարունակեն իրենց անձնական ու խմբային շահերը երկրի հավաքական շահից վեր դասելը: Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ նրա առաջնորդը կամային է եւ չի ընկրկի: Դիմակայությունը կարող է երկրի համար վտանգավոր ռիսկեր առաջ բերել, սակայն նույնիսկ նախորդ խանական համակարգի խորհրդարանական մնացուկների մեջ կան սակավ թվով պետական մտածողություն ունեցողներ, ովքեր վճռական պահին երկրի անդորրն ու զարգացման ամենաիրական հեռանկարը չեն տանի սասանումների: Ավելին՝ ուզում եմ հուսալ, որ նրանք բանը չեն հասցնի սահմանադրական հապճեպ փոփոխությունների միջոցով իրենց հեռացնելուն: Իսկ եթե նրանց ողջախոհությունը չբավարարի եւ փորձեն ռեակցիայի ռեստավրացիա անել, ապա այլ ելք չի մնա, քան ժողովրդային ճնշմամբ նրանց հեռացում պարտադրելը: Բայց այդ ժամանակ նրանք քաղաքական ապագայի մասին այլեւս հուսալու որեւէ հիմք չեն ունենա եւ մեր պատմության դասագրքեր կմտնեն որպես մանր եւ ծախու հետադիմականներ:

– Սիրիայում հայտնի զարգացումների խորապատկերին Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական առաքելություն է ուղարկում այդ երկիր ՀՀ դրոշի ներքո՝ հայկական համայնքին օգնելու նպատակով։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդարացված այդ որոշումը, ինչպիսի՞ հնարավոր օգուտներ եւ վնասներ կարող են լինել դրա հետեւանքով։

– Մեր ազգակիցներին եւ ընդհանրապես սիրիացի տառապյալ ժողովրդին մարդասիրական օգնություն ցույց տալու այլեւայլ եղանակներ կան: Հավանաբար Ռուսաստանի կոշտ եւ անխուսափելի ճնշմամբ է, որ ընտրվել է վատթարագույնը՝ զինվորական մարդասիրական օգնությունը: Դրանով մենք ոչ այնքան արաբական եւ ընդհանրապես մահմեդական աշխարհի ոչ բարեհաճ ուշադրության կենտրոնում կհայտնվենք, որքան անհուսալի գործընկեր կդիտարկվենք մեր քաղաքակրթական դաշնակցի՝ Արեւմուտքի կողմից: Իսկ ոչ հուսալի գործընկերները լուրջ հարցերում ակնկալիքներ չեն կարող ունենալ: Կարծում եմ՝ դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել: Վստահ չեմ, որ մեր բազմաթիվ վարմունքներին ըմբռնումով մոտեցող Արեւմուտքը նույն ըմբռնողությամբ կմոտենա հայկական մարդասիրական, բայց զինվորական առաքելությանը: Բացի այդ, թող մեկ անգամ էլ Ռուսաստանն ըմբռնմամբ մոտենա մեզ համար այս նուրբ խնդրին եւ հրաժարվի իրեն հատուկ կացնային աներկբա պահանջից: Չէ՞ որ մենք դեմարշեր չենք անում, երբ Պուտինն ու Մեդվեդեւը մեզ համար շատ զգայուն օրը՝ դեկտեմբերի 2-ին՝ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի օրը, թուրքերի հետ ամեն անգամ սիրաբանում են, երբ ոչ միայն նախորդ իշխանությունների օրոք էին զինում Ադրբեջանին, այլեւ հիմա: Վնասից բացի ի՞նչ օգուտ կարող է լինել Սիրիա հայկական զինվորական առաքելություն ուղարկելուց. մի՞թե ռուսները կնեղանան ու իրենց զորքերը կհեռացնեն Հայաստանից: Որ օրը Ռուսաստանը հեռանա Հայաստանից, նույն օրը նրա սահմաններն անցնելու են Նախակովկասից էլ հյուսիսով: Այնպես որ, մենք ռուսների կարիքն ավելի քիչ ունենք, քան իրենք մերը:

– Հայաստանի նոր իշխանությունների հասցեին հնչում են բազմաթիվ քննադատություններ, կապված արտաքին քաղաքականության անհստակության հետ, լինի դա Ղարաբաղյան հիմնախնդրի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, Արեւմուտքի, մեր անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների ուղղությամբ։ Որո՞նք են, ըստ Ձեզ, հիմնական բացթողումները, եւ որո՞նք են լուծումները։

– Ներկա պահի համար նոր իշխանության արտաքին քաղաքականությունը միանգամայն հստակ է եւ համարժեք, որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է դեռեւս իշխանությունը չստանձնած, ինչն էլ երեկ կրկնեց ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Ավելին պահանջողները դրդում են արկածախնդրության: Մենք այդպիսի մի արկածախնդրություն ունեցել ենք 1920 թվականի օգոստոսից սկսյալ. հետեւանքն այսօրվա Հայաստանի անձուկ սահմաններն են: Մեծ հաշվով արդյունավետորեն իրացվում են ռեալ հնարավորությունները եւ աստիճանաբար մեծացվում այդ հնարավորությունները: Գուցե մի փոքր ավելի մեծ արագություններ եւ բազմերանգություն կարելի էր հաղորդել Արեւմուտքի եւ Իրանի հետ հարաբերություններին, սակայն դա արդեն ոչ թե ռազմավարության, այլ կոսմետիկայի ոլորտից է: Սակայն արտաքին հարաբերություններն ածանցվում են ներքին քաղաքականից, իսկ ներքին քաղաքականությունը պայմանավորված է մեր դավանած եւ մեր երազած արժեհամակարգով ու հոգեւոր անվտանգությամբ. այստեղ է, որ հստակության պակաս եմ տեսնում:

– Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված վարչապետ Փաշինյանն ասում է, որ դրանք էլ ավելի են խորանալու եւ ընդլայնվելու, դառնալով ավելի բարեկամական։ Մինչդեռ շրջանառվում են նաեւ հակառակ կարծիքներ, որ որքան էլ Մոսկվան պահպանում է արտաքուստ բարեհամբույր վերաբերմունքը, նա չի հանդուրժելու ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում իրականում։

– Գորբաչովն ասում էր՝ «Մարդկային դեմքով սոցիալիզմ»: Այսինքն՝ կոմունիստ Գորբաչովը չէր ժխտում կոմունիստ Ստալինի սոցիալիզմը, այլ միայն փորձում էր դրան մարդկային դեմք հաղորդել: Հիմա փորձում են չկրկնել Գորբաչովին եւ մարդկային դեմքի հաղորդումը սկսել ոչ թե պայծառ մտավորականությամբ Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ հարավային քրիստոնեական միակ դաշնակցից՝ հուսալով, որ Արեւմուտքն ըմբռնումով կմոտենա: Իրականում մենք էլ այսօր հնարավորություն չունենք չառճակատելով Ռուսաստանի հետ դուրս պրծնել նրա ուղեծրից, իսկ մի՞թե մենք կդիմանանք այդպիսի մի առճակատման եւ պատրա՞ստ ենք ուժասպառ եւ վիրավոր կայսրությանը վճարել դրա գինը: Եվ ընտրվել է եղած հնարավորի սահմաններում Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ դարձնելու ուղին: Կրկնում եմ՝ հնարավորի սահմաններում: Հայաստանն այժմ առաջին անգամ փորձում է մինչեւ վերջ իրացնել հնարավորի սահմանները. եւ դա բարեբախտություն է: Իսկ որ Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում, մի փոքր նախկին վախերից ծնված մոտեցում է: Նախ՝ մենք չենք էլ փորձում, ասենք, նորվեգական ժողովրդավարություն հաստատել՝ հասկանալով, որ դեռեւս պայմաններն այն չեն: Երկրորդ՝ Ռուսաստանն այժմ այն վիճակում չէ, որ կարողանա մեզ բացարձակ խանական, նեոկոմունիստական իր համակարգը պարտադրել՝ թեկուզ իր անախրոնիկ Եվրասիական միության միջոցով: Ավելին՝ Ռուսաստանն ինքը շահագրգռություններ կարող է դրսեւորել մահմեդական իր շրջապատում իրենից մի փոքր ավելի ժողովրդավար արբանյակ ունենալու եւ այդ հանգամանքը կապիտալիզացնելու հարցում: Ռուսաստանն էլ դատապարտված է հնարավորի սահմաններում գործելու: Մեզ թույլատրված իշխանությունը դրա վկայությունն է: Եվ ներկա Ռուսաստանը մեր այսօրվա իշխանության ոչ թե թշնամին է, այլ ամենից ազդեցիկ արտաքին բարեկամը. պարոն վարչապետը միանգամայն իրավացի է, որ իր իշխանությունն ավելի է խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հուսանք, որ կհաջողվի այդ կապերում ավելացնել արժանապատվության եւ գործընկերության չնչին բաղադրիչները եւ վերջապես ջախջախել նախկին սինլքորային հարաբերության 200-ամյա ավանդույթը: Դրա առերեւույթ դրսեւորումներն այսօր կան, իսկ մնացյալը ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

27.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930