Իսկ մինչ այդ քաղաքացիները կյանքը վտանգելով են փողոցն անցնում
Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան, բայց ժամանակավոր պաշտոնյաները հետհեղափոխական շրջանում, կարելի է ասել, անգործության են մատնվել: Նրանք որեւէ որոշում կամ քայլ չեն նախաձեռնում խնդիրների անգամ հրատապ լուծան դեպքում:
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկը քաղաքացիների կյանքի համար վտանգավոր է. հետիոտներն ամեն անգամ այս փողոցն անցնելիս վթարային իրավիճակում են հայտնվում: Բանուկ եւ խիտ երթեւեկելի այս խաչմերուկի մասին քաղաքային իշխանություններն ու Ճանապարհային ոստիկանությունը վաղուց մոռացել են: Մինչդեռ այս հատվածում ոչ միայն բնակելի շենքեր եւ տներ են, այլեւ վարչական շենքեր, քաղաքացիների հոսքն էլ՝ շատ:
«Առավոտի» հետ զրույցում «Արարա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Նունե Թաթունցը պատմեց, որ մի քանի ամիս առաջ գրասենյակը տեղափոխվել է Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկի հարեւանությամբ հասցե ու առաջին իսկ օրվանից պարզել՝ փողոցն անցնելը խնդիր է, Նաիրի Զարյան փողոցի վրա գծանցում չկա, ընդ որում, դա բավականին ծանրաբեռնված փողոց է: Թաթունցը մոտ երեք ամիս առաջ դիմել էր ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի խնդիրը կարգավորվի, մարդիկ էլ կարողանան անվտանգ անցնել փողոցը:
«Ճանապարհային ոստիկանությունից երկու սպաներ եկան, նայեցին, ասացին՝ այո, այստեղ պետք է լինի գծանցում, բայց մեր լիազորությունների շրջանակում չէ, մենք դիմելու ենք քաղաքապետարան: Նույնիսկ քաղաքապետարանի շինարարական վարչությունից տվյալներ էին տվել, թե որտեղ են դիմել: Այդ հեռախոսահամարներով, կոնտակտներով 2 ամիս շարունակ մենք փորձում էինք հասկանալ, թե հարցը երբ պետք է լուծվի: Բայց քաղաքապետարանից ասացին՝ այդտեղ մայթ չկա, իսկ գծանցումը պետք է լինի մայթից մայթ: Ու քանի որ մայթ չկա, իսկ երթեւեկությունն իսկապես վտանգավոր է, մենք արհեստական անհարթեցում կանենք, որպեսզի երթեւեկությունը դանդաղի, եւ դուք կարողանաք նորմալ անցնել փողոցը: Մոտ երեք ամիս հետո պարզվեց, որ դա էլ չի արվելու»,- պատմեց Նունե Թաթունցը:
Թաթունցի խոսքով՝ քաղաքապետարանն ասում է՝ մեր լիազորությունների սահմաններում չէ, նույնը պատասխանում է նաեւ ոստիկանությունը, բայց մի հավելումով՝ քաղաքապետարանը պետք է այդտեղ մայթ կառուցի, այ, երբ կառուցի, նորից կքննարկենք այդ հարցը եւ այդ ժամանակ ինչ-որ լուծում կտանք:
Նունե Թաթունցի՝ ճանապարհային ոստիկանությանն ուղղված դիմումից հետո ՃՈ-ն դիմել է Երեւանի քաղաքապետարան, ավելի կոնկրետ հասցեով՝ փոխքաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին. «Հարգելի պարոն Արեյան, Երեւան քաղաքի Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկի հատվածում հետիոտնային անցում կազմակերպելու առաջարկության հիման վրա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ուսումնասիրվել է վերը նշված խաչմերուկի հատվածը, որի արդյունքում պարզվել է, որ նշված մայթերը գտնվում են անբարեկարգ վիճակում: Մայթերի բարեկարգման աշխատանքներ իրականացնելուց հետո ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամ է համատեղ ուսումնասիրություններ եւ քննարկումներ անցկացնելու համար»:
Այս նամակն ու ոստիկանությանն ուղղված առաջին նամակը Նունե Թաթունցն ու բնակիչները ուղարկել են քաղաքապետարան, որպեսզի, այսպես ասած, ուղղորդեն կամ «տեղից շարժեն անշարժը», ու վերջապես քաղաքապետարանը գործի անցնի, մայթ կառուցի: Մինչդեռ քաղաքացիներին Երեւանի քաղաքապետարանից բանավոր պատասխանել են. «Մայթը բարեկարգելու ծրագիր չունենք»:
Թաթունցը վստահեցրեց, որ իրենց դիմումների տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքացիներ, ընդ որում՝ տարածքի բնակիչները տարիներ առաջ էլ դիմել էին նույն խնդրով, սակայն ոչ ճանապարհային ոստիկանությունը եւ ոչ էլ քաղաքապետարանը որեւէ բան չեն նախաձեռնել, անպատասխան են թողել քաղաքացիների դիմումները:
Նունե Թաթունցը պատմեց, որ նկարագրված խաչմերուկը Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքի մոտ է, եւ այստեղ գծանշում չլինելու պատճառով երթեւեկությունը հաճախ սարսափ ֆիլմ է հիշեցնում. «Այդ հատվածում մեքենաները երբ Զարյան փողոցից գալիս են թեքվում դեպի Գրիբոյեդով՝ ձախ թարթիչն են միացնում, որպեսզի Գրիբոյեդով գնան, իսկ Զարյանով շարունակողները հետեւից շատ անակնալ դուրս են գալիս ու բավականին արագընթաց, որովհետեւ ոչ մի արգելող նշան չկա, ու գրեթե ամեն օր վթարային իրավիճակ է ստեղծվում: Մարդիկ վազելով ու վախենալով են անցնում փողոցը: Ես երկու անգամ որպես հետիոտն վտանգի մեջ եղել եմ»:
Երեկ բնակիչները երկրորդ դիմում-բողոքն են ներկայացրել ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ ոստիկանություն, ու սպասում են, որ քաղաքային նոր իշխանությունը կարձագանքի իրենց դիմումին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
27.09.2018