Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի դատավորը ստիպված էր ներկայացուցչի դեր ստանձնել

Սեպտեմբեր 28,2018 14:00

Ռիմա Ոսկանյանն ասաց, որ գումար չունի, եւ քաշքշուկների պատճառով կորցրել է ամեն բան: Նա չունի անգամ իր շահերը դատարանում ներկայացնող մեկը:

Նրա բանավոր ներկայացրած բողոքի եւ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի մեջ էական տարբերություն կար: Քաղաքացին, եւ չեմ թաքցնի նրա նման շատ քաղաքացիներ, ովքեր հնարավորություն չունեն իրենց ներկայացուցիչները ունենալ դատարաններում, դատավորի հարցին դժվարանում էր պատասխանել. նա չէր հասկանում, թե ինչ է նշանակում ինքնաբացարկ հայտնել դատավորին, բացարկ հայտնել, դատական ակտի դեմ առարկել, ամբաստանվող, եւ այլ իրավաբանական տերմիններ, ուստի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պարոն Հարությունյանը երբեմն ստիպված էր հանձն առնել բողոքաբերին հասկանալի տերմիններով բացատրելու գործառույթը, միեւնույն ժամանակ նկատելով. «Եթե ստանձնեմ Ձեր պաշտպանի ֆունկցիան, կդառնամ կանխակալ, եւ դատարանը կկորցնի իր դերը: Ես հավասար պետք է լինեմ բոլոր կողմերի նկատմամբ»:

Ռիմա Ոսկանյանն, այնուհանդերձ, փորձեց ներկայացնել պահանջը: Նա տուժող է ճանաչվել Շուրա Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
Հինգ տարի առաջ նշյալ անձը, ըստ տուժողի, իրենից խարդախությամբ ստացել է 40 000 դոլար գումար, որը մինչ օրս չի վերադարձրել: Շ. Մալխասյանը գտնվել է հանրապետությունից դուրս, եւ հանձնվել է իրավապահների կողմից Հայաստանի Հանրապետությանը: Քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի ավագ քննիչ Թ. Աղայանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցնել քրեական հետապնդումը, դատախազը նույնպես իր որոշմամբ մերժել է տուժողի բողոքը:
Ռ. Ոսկանյանը խնդրել էր վերաքննիչ քրեական դատարանից բեկանել նշյալ որոշումները, վերսկսել քրեական գործի նախաքննությունը. «Ինչ է նշանակում մերժել: Հինգ տարի է անցել, նա ազատ իր համար ֆռֆռում է, ես գումարը չեմ ստացել: Նա տուն է գնել, արտադրամաս է բացել, ես ոչինչ չունեմ: Հույս ունեմ՝ դատարանը կտա ճիշտ գնահատական: Ես հույսով եմ եկել դատարան: Ոչ մեկն ինձ չի օգնում: Մնացել եմ չորս պատերի մեջ, թող նստի աշխատանքային գաղութում, աշխատի ու իմ գումարը տա: Նրան արդարացնում են: Նրա պատճառով հիվանդանոց եմ ընկել երկու անգամ, տունուտեղս քանդվել է: Նա ազատ չպիտի մնա, վրաներս ծիծաղի: Նրա պատճառով մինչ օրս պարտքերի մեջ խրված եմ, բանկերի տոկոսներն եմ փակում»:
Դատավորի հարցին, թե հայցով դիմե՞լ եք դատարան, տուժողը պատասխանեց՝ ոչ:

Քիչ հետո պարզվեց, որ հայցով ոչ միայն դիմել է դատարան, այլ տուժողն իր բողոքում գրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա հայցապահանջը: Խոսքը օրինական ուժի մեջ մտած վճռի մասին էր, որը կայացվել էր 2013թ. սեպտեմբերի 18-ին: Վճիռ, որը մինչ օրս հարկադիր ծառայության մարմինը չի կատարել:
Ըստ Ռ. Ոսկանյանի՝ իր ու կասկածյալի առերես հարցաքննությունը նորմալ չի անցկացվել, դրանից մի ամիս առաջ Շ. Մալխասյանը եկել էր իր մոտ, խնդրել, թե գումարը կտա, միայն հնարավորություն ունենա, որ ինքը քաղաքից բացակայի, սակայն քննիչի մոտ լռել է, նրա փոխարեն խոսել է պաշտպանը:

Դատավորը փորձեց ճշտել, թե որն է այն խախտումը, որով բողոք է բերվել քննիչի, դատախազի որոշումների դեմ: Նշեմ, որ դատախազն ու քննիչը չէին ներկայացել դատարան, եւ հայտնի չէր՝ ինչու: Դատավորը տուժողին հարց տալու ժամանակ նաեւ ասաց. «Դատախազն իր առարկություններում հայտնել էր՝ «ծանր» հոդված ենք դրել վրան, որպեսզի կարողանանք Ռուսաստանից նրան բերել, սակայն խարդախության նմանվող հանցակազմ չկա: Իսկ քննիչն էլ առաջին ատյանի դատարանում ասել էր, թե՝ քրեաիրավական տարր չկա»:

Շ. Մալխասյանը դատարան չէր ներկայացել եւ նրա շահերը ներկայացնում էր փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա ասաց, որ չընդհատեց ենթադրյալ տուժողի խոսքը, որում կային նաեւ վիրավորական արտահայտություններ, մասնավորապես, իր վստահորդի հասցեին՝ «սրիկա», ինչը տեղից ռեպլիկի կարգով նորից ասաց հուզված տուժողը. «բա խարդախին ինչ անուն տամ», սակայն դատարանը բանավոր նկատողություն արեց Ռ. Ոսկանյանին, ակնարկելով՝ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառի նրա նկատմամբ:

Մ. Պողոսյանն ասաց, որ «ծանր» ապացույցների պատճառով իր պաշտպանյալը յոթ ամիս գտնվել է կալանքի տակ: Ըստ նրա, բողոքում չկա որեւէ ենթադրյալ իրավախախտման մասին, որից պարզ դառնա ինչն է խախտվել, ինչ հետեւանք է առաջացրել այդ խախտումը, ինչն է պակաս քրեական գործի նյութերում, որը լրացնելու է նոր նախաքննությունը:
Նա տեղեկացրեց, որ օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, եւ եթե կա քաղգործով նման ակտ, ապա քրեական գործին այն կհակասի: Ըստ նրա, Ռ. Ոսկանյանն է «երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության» նախաձեռնողը եղել, իսկ Ռ. Ոսկանյանն ասում է, որ նրան ճանաչել է ընդամենը մեկ ամիս:

Փաստաբան-ներկայացուցչի տեղեկացմամբ, Շ. Մալխասյանը բնակարան չի գնել, արտադրություն չունի, ընդհակառակը, բնակվում է վարձով: Մ. Պողոսյանի առարկություններով, իրենք են հայտնվել անազատության մեջ, քննիչը իրենց նյութեր չի տրամադրել ծանոթանալու համար, արհեստականորեն ծանրացրել են Շուրայի մեղադրանքը:
Ռ. Ոսկանյանն ասում է, թե Շուրան միայն իրեն չի խաբել, կան էլի տուժողներ, ինչի կապակցությամբ, պաշտպանական կողմն ասաց՝ «որեւէ դրվագ խարդախությամբ զուգորդված չկա»:
«Կա ճշմարտություն, որ Շուրան պատասխանատվություն է կրում քաղգործով, որը հնարավորություն չի ունեցել գումարը վերադարձնել»,- հավելեց նա:
Հաջորդ նիստին չի բացառվում դատարան գան վերահսկող դատախազն ու քննիչը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930