Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոտքս խերով» էր՝ Հայաստանում հեղափոխություն եղավ»

Սեպտեմբեր 28,2018 13:30

Փաստում է երիտասարդ արվեստագետը

«Լինել արվեստում, ապրել արվեստով». այս կարգախոսով է ապրում ու ստեղծագործում երիտասարդ նկարիչ Վարդան Տեպիկյանը, որը ճանաչված գեղանկարիչ Լյովա Տեպիկյանի որդին է: Ի տարբերություն հոր բարձրարվեստ բնապատկերների, Վարդանի աշխատանքներում մարդն է: Այցելելով նրա արվեստանոց, ականատեսը եղանք «մարդկային» շարքերին՝ տարբեր խորագրերով՝ «Մարդ», «Համբույր», «Բալետի պարուհիներ», «Աֆրիկացիներ» եւ այլն: Ի դեպ, արվեստագետի գործերը միանշանակ հնարավոր չէ շփոթել կամ գոնե զուգահեռ անցկացնել մեկ այլ նկարչի ստեղծագործությունների հետ:

Վարդան Տեպիկյանը նման չէ այն երիտասարդ արվեստագետներին, որոնք լինելով ճանաչված մշակույթի գործչի որդի, չգիտես ինչու, նշում են, թե ի ծնե երգում են, պարում… Ավելին, շուրջ երեք տարի Մոսկվայում ստեղծագործող երիտասարդը խոստովանում է. «Նկարում էի, ցուցադրվում, նաեւ ինքս ինձ էի ճանաչում: Հասկացա, որ նկարիչ լինելը նկարելով չէ, հասկացա, որ նկարելը զուտ աշխատանք չէ: Հասկացա, որ նկարում եմ ոչ նրա համար, որ հայրս նկարիչ է… Աշխարհի կենտրոնում (նկատի ունի Մոսկվան) մենակ էի ու երկար ինքս ինձ հետ երկխոսում էի: Ցանկացած դիմանկարում ես ինձ էլ եմ տեսնում կամ ցանկացած նկար, ըստ իս՝ ինքնադիմանկար է: Հասկացա, որ անհրաժեշտ էր Մոսկվայում բնակվելն ու ստեղծագործելը, որ իմ մեջ նկարիչ գտնեմ…»: Նշեց, որ Մոսկվայում 2016թ. անհատական ցուցահանդես է ունեցել Ե. Գրոմովայի պատկերասրահում: Հիշեց նաեւ ժամանակին՝ 1999թ. ԱՕՔՍ-ում եւ 2002թ. անհատական ցուցահանդեսները, նաեւ Հոլանդիայում՝ 2004թ.:

ՀՀ եւ ՌԴ նկարիչների միության անդամ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ այսօր խորհրդային տարիներից եկած այս կազմակերպությունների նպատակահարմարության մասին: Վարդանը նախ նշեց, թե եթե մեկ տարի էլ շարունակեր ստեղծագործել Մոսկվայում, ապա միությունը իրեն կտրամադրեր արվեստանոց, հետո էլ փոքր-ինչ մանրամասնեց. «Ռուսաստանում, օրինակ, արվեստանոցները ժառանգաբար չեն փոխանցվում հորից որդուն եւ այդպես շարունակ, նույնիսկ ճանաչված արվեստագետի մահից հետո նրա արվեստանոցը տրամադրվում է մեկ այլ ստեղծագործողի: Ըստ էության եւ այնտեղ, եւ այստեղ միությունները կազմակերպում են ցուցադրություններ, կատալոգներ եւ այլն: Օրինակ, Մոսկվայում ցուցադրվում եմ չորս ցուցասրահներում միաժամանակ: Ճիշտ է, Երեւանում դեռ չեմ դիմել որեւէ պատկերասրահ, բայց, ի վերջո, Երեւանը մեգապոլիս չէ…»:

Արվեստանոցի պատերը ողողած մարդկային հոգեվիճակներ արտահայտող կտավների առիթով հարցրինք՝ ասենք՝ բալետի արտիստուհիների շարքը ստեղծելիս օգտվե՞լ է բնորդի ծառայությունից: Նկարիչը պատասխանեց. «Ոչ, ես բնորդի աշխատանքին չեմ դիմում, նույնիսկ էսքիզներ էլ չեմ անում: Իմ դեպքում մի ստեղծագործությունը կարող է իրականանալ մեկ ժամում կամ մեկ ամսում… Հնարավոր է նաեւ, որ այդպես էլ չավարտվի»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե իրեն գուցե շատերը մոռացել են եւ երբ է պատրաստվում երեւանյան անհատական ցուցահանդեսի, արվեստագետը ժպտալով հակադարձեց. «Հիանալի բարեկամներ՝ բարի կամեցողներ ունեմ, օրինակ՝ Աննա Ղուկասյանը, որը Ազգային օպերային թատրոնի համերգների եւ հյուրախաղերի կազմակերպման գծով մենեջերն է, նրա հետ մտմտում ենք բալետի միջազգային օրվա առիթով հոկտեմբերի 2-ին թատրոնի ճեմասրահում ցուցադրել «Բալետի պարուհիներ» շարքս եւ այլն: Իսկապես մտածում եմ անհատական ցուցադրության մասին: Դա կիրականացնեմ 2019թ.»:

Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե իր «ոտքը խերով» է՝ որտեղ գնում է, հեղափոխություն է լինում, Վարդան Տեպիկյանը ժպիտով ասաց. «Նման բան կա, գնացի Վրաստան՝ սկսվեց հեղափոխություն, գնացի Ուկրաինա՝ դարձյալ հեղափոխություն սկսվեց: Եվ վերջապես՝ վերադարձա հայրենիք, այստեղ էլ հեղափոխություն սկսվեց: Այլ պետությունների համար չեմ կարող ասել, բայց որ ոտքս խերով էր Հայաստանի համար, դա միանշանակ է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930