1802թ. ձմռանը լույս աշխարհ եկավ մի երեխա, ու մանկաբարձները կանխատեսեցին, որ նա հազիվ թե մի քանի ժամ ապրի: Այդ երեխայի գլուխն անհամեմատ մեծ էր մարմնի համեմատությամբ: Ասում են, որ նա ծնվել է ոչ թե մանկական ճիչով, այլ հազիվ լսելի ծղրտոցով: kulturologia.ru-ն այսպես է պատմում ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, գրող Վիկտոր Հյուգոյի ծննդի մասին` հղում անելով պատմական աղբյուրներին:
Նվազ, թույլ առողջության մասին վկայող արտաքին ունեցող փոքրիկը ոչ միայն լուսացրեց այդ գիշերը, այլեւ ապրեց երկար տարիներ: Նրա հայրը հպարտ էր իր որդով եւ նրան բացառիկ էր համարում, քանի որ Վիկտոր Հյուգոյի մայրն իրենով հղիացել էր լեռան բարձունքին:
Հյուգոյի առաջին սերը հարեւանի աղջիկն էր, որին ճանաչում էր 10 տարեկանից, սակայն լրջորեն նրան սիրահարվեց 17-ում: Ամուսնության մասին խոսք լինել չէր կարող: Հյուգոյի մայրը դեմ էր այդ միությանը: Հպարտ արիստոկրատուհին չէր կարող թույլ տալ որդու ամուսնությունը բուրժուազիայի շարքային ներկայացուցչի դստեր հետ: Վիկտորը սիրում էր այդ աղջկան:
Հետագայում նա իր հայտնի կերպարներին ներկայացրեց մաքուր ու անաղարտ, ու լինելով դոն ժուան` բարոյական մաքրություն պահանջեց բազմաթիվ կանանցից, որոնց հետ սիրային կապեր ուներ:
Վիկտորի սիրած աղջկա անունը Ադել Ֆուշե էր: Պարզվում է՝ նրա եղբայր Էժենը նույնպես սիրահարված էր նույն աղջկան, ինչի հողի վրա էլ հետագայում խելագարվեց: Մոր մահից հետո Վիկտոր Հյուգոն, այնուամենայնիվ, ամուսնացավ Ադելի հետ, ամուսնության 10 տարիների ընթացքում նա հինգ զավակ ծնեց գրողի համար, սակայն նրանց ընտանեկան հարկի ներքո ամենեւին էլ երջանկությունը չթեւածեց:
Հյուգոյի կյանքի կինը Ջուլիետ Դրուեն էր, որին հանդիպեց, երբ 30 տարեկան էր: Նա դերասանուհի էր եւ փոքրիկ դեր ուներ Հյուգոյի պիեսներից մեկի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: Դերասանուհին առաջին հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վիկտոր Հյուգոյի պիեսներում չկան փոքր դերեր, նրան հաջողվեց գրավել իր հռչակի գագաթնակետին հասած գրողի սիրտը:
Ջուլիետը մինչ այդ որպես բնորդ աշխատում էր քանդակագործ Ժան Ժակ Պրադիեի արվեստանոցում, անգամ երեխա ունեցավ նրանից, սակայն քանդակագործը հրաժարվեց ճանաչել հայրության իր իրավունքը: Ջուլիետն ավելի շատ կուրտիզանուհու հռչակ ուներ, որին ճանաչում էին ժամանակի ամենահարուստ ու ճանաչված տղամարդիկ, նրա բազմաթիվ սիրեկանների թվում էր ռուս իշխան Անատոլի Դեմիդովը:
Ամբողջ Փարիզը դատապարտում էր Վիկտոր Հյուգոյի ու վատահամբավ կուրտիզանուհու կապը, սակայն գրողը չէր էլ զղջում, քանի որ երջանիկ էր ոչ թե սառը կնոջ, այլ հենց Ջուլիետի հետ: Վերջինս հանուն սիրած մարդու մոռացավ անցյալի քմայքները եւ ամբողջովին տրվեց նրան, անգամ դադարեց զարդարվել ու հագնվել առաջվա նման: Մի քանի տարի անց նա արդեն չէր հետաքրքրում Հյուգոյին առաջվա նման, քանի որ գրողը հանդիպում էր ավելի երիտասարդ ու գեղեցիկ կանանց հետ, թեեւ հոգու խորքում ատում էր բոլոր «մատչելի» կանանց: Ամեն դավաճանությունից հետո Հյուգոն վերադառնում էր Ջուլիետի մոտ ու երդվում հավատարիմ լինել նրան, բայց այդպես էլ խոստումը չէր պահում: Հյուգոյի մահից երկու տարի առաջ մահացավ Ջուլիետը` մեծ ցավ պատճառելով սիրեցյալին: Ջուլիետը նրա հետ անցկացրել էր 50 տարի:
Ըստ kulturologia.ru-ի:
«Առավոտ»
27.09.2018