Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից

Սեպտեմբեր 28,2018 12:30

Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի գործունեության հիմնական ուղղություններն են բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զորամասեր եւ մարտական դիրքեր այցերը եւ շփումները զինվորների հետ, ուշագրավ նախագիծ էր կյանքի կոչել. «Ազգ-բանակ 2017-2018» ծրագրի շրջանակներում հ/կ-ի լրագրողներ Լիանա Բրյանը, Իննա Թումանյանը, Էլեն Գասպարյանը եւ Նարե Շահինյանը, այցելելով Արցախի Հանրապետության ՊԲ զորամասերի պահպանության տեղամասեր, լուսանկարել էին մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորներին ու առաջապահ ստորաբաժանման հրամանատարներին՝ լուսանկարների միջոցով հանդիսատեսին փոխանցելով հայ մարտիկների անսասան ոգին եւ քաջությունը, ներկայացնելով փոքրիկ դրվագներ հայ դիրքապահների առօրյայից:

«Ցուցահանդեսի հեղինակները չորս երիտասարդ գեղեցկուհիներ են, ովքեր իրենց զենքը՝ լուսանկարչական ապարատը ձեռքին, եղել են դիրքերում եւ լուսանկարել այն զինվորներին, ովքեր օր ու գիշեր հսկում են մեր սահմանները: Աստված պահապան իրենց, խաղաղություն հայոց սահմաններին»,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական խորհրդի անդամ Լիլիթ Վարդումյանը՝ «Հանուն հայ զինվորի» հ/կ նախագահ Դավիթ Թորոսյանին նվիրելով միության խորհրդանշական նուռը՝ որպես հիշատակ: Ցուցահանդեսի իրականացմանն աջակցելու համար Դավիթ Թորոսյանը «Հանուն հայ զինվորի» հ/կ-ի կողմից «Նարեկացի» արվեստի միությանը հանձնեց շնորհակալակագիր:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ժամկետային զինծառայողների ծնողներ, ովքեր եկել էին լուսանկարներում իրենց որդիներին փնտրելու: Լուսանկարների հեղինակները, հանդիսատեսին պատմելով առաջնագիծ կատարած իրենց այցերի, տպավորությունների մասին, առանձնացրեցին նաեւ հիշարժան պատմություններով ուշագրավ լուսանկարները, որոնցից մեկում պատկերված էին հայ զինվորի դարակում կողք կողքի պահվող հացը ու գիրքը:

Էլենը փորձել էր լուսանկարել զինվորների, ովքեր լիաթոք ծիծաղում են առաջնագծում՝ այսպիսով կոտրելով այն կարծրատիպը, թե կյանքն առաջնագծում միապաղաղ է ու տխուր: Իննային հաջողվել էր իրականացնել վաղեմի երազանքը՝ այցելել 2014թ. զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մարտական դիրք եւ լուսանկարել: Այդ լուսանկարները Իննան նվիրեց հերոսի մորը՝ Մարինե Հովհաննիսյանին:

Լիանան, գտնվելով Արցախի երիտասարդ հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան մարտական դիրքում, հուզմունքով էր լուսանկարել պատերազմի ու բացակաների մասին լուռ պատմող սպիտակ քարերով հողին շարված հերոսների անվան տառերը, իսկ դիրքի հրամանատարը, նկատելով երիտասարդ նկարչուհու հուզմունքը, աղջկան սաստել էր՝ ասելով. «Այս դիրքում լացել չկա…»։
«Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագրի ներքո ցուցադրված լուսանկարներին նայելով՝ ակամայից հիշեցի Վազգեն Սարգսյանի դեռեւս 1997թ. գրած տողերը. «Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձեւավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջեւում՝ տարածություն…»:


ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

27.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930