Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Իջևան քաղաքի բնակիչներ: Նախաձեռնությունը ողջունեց և նման քննարկումների անհրաժեշտությունն իր խոսքի մեջ ընդգծեց մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:
-Շրջակա միջավայրի աղտոտվածությունը սպառնում է դառնալ էկոլոգիական աղետ, և եթե մենք համապատասխան արձագանք չունենանք, այն սպառնում է դառնալ աղետ մոլորակի համար: Պետք է պայքարել, և ամեն մեկը պիտի սկսի իր բնակավայրից, իր տեղից: Այս առումով շատ կարևոր եմ համարում այս նախաձեռնությունը, հատկապես, որ առկա է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համագործակցություն, ինչը հույս է տալիս ակնկալել ցանկալի արդյունք,-նշեց Վ. Ալեքսանյանը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի համակարգող Վարսիկ Ներկարարյանը տեղեկացրեց, որ մինչ քննարկումը իրենց կողմից հարցում է անցկացվել բնակչության շրջանում՝ փորձելով հասկանալ, թե բնակիչները ում մեղքն են տեսնում Աղստևի աղտոտվածության հարցում, և ինչ պետք է արվի այն մաքրելու, ապա՝ կանխարգելելու համար: Տեղեկացվեց, որ հարցմանը մասնակցել է 120 մարդ, որոնց մեծ մասը վատ է գնահատել քաղաքում կատարվող աղբահանությունը, որպես մեղավոր նշվել են բնակիչները, գետի ափին գործող օբյեկտների տերերը, համայնքապետարանը: Պատճառների մեջ նշվել են համապատասխան մշակույթի բացակայությունը, աղբամանների բացակայությունը և այլն:
Քննարկման ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին, բայց մեխը դրվեց, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել և քննարկման ավարտին գրանցվեցին մի շարք առաջարկներ: Մասնավորապես, որ համայնքապետարանի կողմից պետք է մեկ անգամ լավ մաքրվի գետի հունը, աշխատանք տարվի գետի երկայնքով գործող ձեռնարկատերերի հետ, որպեսզի նրանք աղբը գետը թափելու փոխարեն փաթեթավորեն համապատասխան տարաներում՝ աղբահավաք մեքենայով տեղափոխելու համար: Պետք է տեղեկացնել բոլորին, որ աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում, որը կազմում է նվազագույնը 80000 դրամ:
Քննարկմանը ներկա բոլոր կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համայնքապետարանի աշխատանքներին Աղստևի աղտոտվածությունը կանխելու, ընդհանուր առմամբ քաղաքի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու հարցում:
Տավուշի մարզպետարան