Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը բացառիկ աշխատություն է հրատարակել՝ «Գրիգոր Նարեկացին եւ 10-րդ դարի գրականությունը» խորագրով:
Գիրքը 10-րդ դարի հայ մատենագիտության համապարփակ պատմությունն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Այն հրատարակվել է «Արմավ» հրատարակչության կողմից՝ Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյանների հովանավորությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Վանո Եղիազարյանը նշեց, որ այս ուսումնասիրությունը հաջորդում է իր «Հայ հին գրականության պատմություն» աշխատությանը, որի շարունակությունն է: Հավելեց, որ ավելի քան քսան տարի զբաղված է այդ խնդիրներով, հավաքել է ահռելի նյութ եւ մաս-մաս, հատորներով հրատարակում է:
«Այս գիրքը նվիրված է 10-րդ դարին եւ մեծ մասամբ՝ Գրիգոր Նարեկացուն, նաեւ 10-րդ դարի երեսունից ավելի հեղինակների, որոնք ուղղակի կամ անուղղակի նախապատրաստել են Գրիգոր Նարեկացու ծնունդը: Հարցի մեթոդաբանական դրվածքն ինքնին գիտական նորույթ է եւ այդ տեսանկյունից թեմային երբեւէ անդրադարձ չի եղել»,-ընդգծեց Վանո Եղիազարյանը:
Ասաց, որ գրքի առաջաբանում՝ «Երկու խոսքում» գրել գրքի նպատակների, խնդիրների, մեթոդաբանության եւ նորույթի մասին: Տեղեկացրեց, որ գիրքը 390 էջանոց ուսումնասիրություն է, որն ունի 1789 ծանոթագրություն, 160 էջ էլ մատենագիտություն է կազմվել՝ առհասարակ այն ամենը, ինչ կա հայագիտության մեջ ՝ ցանկացած հեղինակի մասին, նաեւ Նարեկացու մատենագիտությունը: Վերջինս Վանո Եզիազարյանի ձեւակերպմամբ, ահռելի մի բան է, որը ժամանակին կազմել է գիտության նվիրյալներից Պողոս Խաչատրյանը: Նրա մահից հետո եղածը լրացվել է:
Գրականագետը նշում է, որ այդ գործին հատկապես օտար լեզուներով թարգմանությունների առումով իրեն մեծապես օգնել են Արծվի եւ Հենրի Բախչինյանները, Ալեքսանդր Բոժկոն, Վալդա Սալմինան, Աշոտ Ալեքսանյանը, Հերբերտ Մաուերը, Միհրան Մինասյանը, Ազատ Մաթյանը, նյութերի մի մասն էլ Պողոս Խաչատրյանի գրքում է եղել:
«Աշխատանքն առաջին հերթին հասցեագրված է հայագետներին, դասախոսներին, ուսանողությանը եւ ընդհանրապես հայագիտությամբ հետաքրքրվողներին: Գիրքը հետաքրքիր է այն առումով, որ ներկայացնում է մեր պատմիչներին, թագավորներին: Օրինակ, ներկայացվում է Գագիկ Արծրունի թագավորը եւ նրա ստեղծագործությունը, անհատ, որ եւ պատվիրատու է եղել շատ գործերի, եւ միաժամանակ ինքն է թողել որոշ ստեղծագործություններ, որոնց քննությունը կատարված է»,- ասաց Վանո Եղիազարյանը:
Հավելեց, որ գրքի խմբագիրներն են Արմեն Ավանեսյանն ու Հերմինե Բաբուրյանը, գրախոսները՝ Հենրիկ Բախչինյանն ու Վարդան Դեւրիկյանը: Վանո Եղիազարյանը նշեց, որ օգտվել է Պողոս Խաչատրյանի գրքից եւ շնորհակալ է նաեւ նրա թոռանը՝ Էդգար Խաչատրյանին, որը էլեկտրոնային մատենագիր նյութերն է իրեն ուղարկել, որոնց վրա ինքը հետագայում լրացումներ է արել:
Գիտնականը պատմեց, թե ինչ ճակատագիր է ունեցել գրքի տպագրությունը՝ ժամանակին գիտական հրատարակչության դրամաշնորհ է հայտարարվել իրենց բուհում, որը շահել է, հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվել դրամաշնորհից, եւս մի մրցույթի համար է դիմել, որը չեղյալ է հայտարարվել, արդյունքում՝ գրքի տպագրությունը երկու-երեք տարով ձգձգվել է: Ի վերջո գրքի հարգն ու նշանակությունը կարեւորող Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյանները առանց ճանաչելու Վանո Եղիազարյանին, ստանձնել են գրքի հովանավորությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 15-ին Գրականության և արվեստի թանգարանում: