ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
Երկու երկրների նախարարների հետ համանախագահները զրուցել են տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և հստակություններ մտցրել վերջերս արված որոշ հայտարարությունների և մտահոգությունների տեղիք տվող միջադեպերի վերաբերյալ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող անհիմն մահվան դեպքերի վերաբերյալ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին և կոչ են արել կողմերին կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից:
Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ:
Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան և կզեկուցեն ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին բանակցությունների ընթացքի մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ