Այսօր քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ձերբակալվել է Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը, որն, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, կոչ է արել իր համակիրներին ներխուժել Աջափնյակի ԲՀԿ շտաբ, բռնություն գործադրել ոստիկանների հանդեպ:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որը միջադեպի ժամանակ եղել է Աջափնյակի ԲՀԿ շտաբում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց`քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որ, իբր Գրիգոր Գրիգորյանը կոչ է արել դրսում կանգնած իր հիսուն համակիրներին ներխուժել ԲՀԿ շտաբ, ջարդուփշուր անել և թույլ չտալ, որ նյութերն առգրավվեն, լկտի և անամոթ սուտ է. «Այդ օրը ես եղել եմ ԲՀԿ Աջափնյակի շտաբում: Այդ միջադեպի ժամանակ ևս ես եղել եմ ԲՀԿ Աջափնյակի շտաբում: Գրիգորի Գրիգորյանը որևէ նման կոչ չի արել և որևէ բռնություն ոստիկանների նկատմամբ չի գործադրել»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ որոշ մանրամասներ պատմեց. «Ավելին, երբ քաշքշուկ սկսվեց, ես ՝ ինքս, և ինձ հետ ԲՀԿ խմբակցության կին պատգամավորները, ըստ էության, կենդանի պատնեշ ենք կազմել՝ թույլ չտալով, որ լինեն բախումներ: Սա է իրականությունը. ի դեպ, շտաբում եղել է տասից ավելի ԲՀԿ պատգամավոր և ինձ համար, առնվազն, հասկանալի չէ, որ քննչական կոմիտեն կարող է նման ապատեղեկատվություն տարածել, երբ որ տասից ավելի պատգամավոր կարող է վկայել, որ որևէ կոչ Գրիգորի Գրիգորյանի կողմից ՝ ներխուժել և բռնություն գործադրել ոստիկանների հանդեպ, չի եղել: Ավելին, Գրիգոր Գրիգորյանը դուրս եկավ շտաբից և այնտեղ հավաքված իր համակիրներին կոչ արեց հանդարտության, որից հետո ես ինքս դուրս եկա շտաբից և Գրիգորի Գրիգորյանի՝ շտաբի մոտ հավաքված ընկերներին հորդորեցի աղմուկ չբարձրացնել, ներս չմտնել և թույլ տալ, որ իրավապահներն իրականացնեն իրենց աշխատանքը: Ուստի, տարածված հայտարարությունը անամոթ և լկտի սուտ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ