Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խնդրանքով հանդես եկավ՝ դիմելով ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներին՝ խորհրդարանը լուծարելուց առաջ:
Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, հայտարարեց. «Խնդրանքս է շտապ նախաձեռնեք և ընդունեք անհրաժեշտ օրենքներ, որի միջոցով ՀՀ ԱԺ-ն ոչ թե կընկնի, այլ կլուծարվի և կվերականգնի իր իսկական առաքելությունը, կարտացոլի տասը միլիոնից ավելի հայության իղձերը և գերեվարված Կարսի ազատագրմանը կնպաստի»:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ հանուն ապագա նոր սահմանադրական կարգի և մեր ժողովրդի ապագայի մինչև վեցերորդ խորհրդարանի լուծարումը պայքարի և դիմադրության միջոցով դուք էլ միացեք ժողովրդի արդար ցասմանը ընդունեք պահանջվող օրենքները:
Դիմելով ՀՀԿ-ականներին՝ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե մինչև հեղափոխությունը ՀՀԿ-ականներն իրականում չէին կարող պատկերացնել, որ շարունակվելու է իրենց և Սերժ Սարգսյանի կյանքը. «Կեղծված հանրաքվեից հետո խորհրդարանական ընտրություններին դուք ընտրակաշառքով շուրջ մեկուկես միլիոն մարդկանց միջոցով ձեռք բերեցիք պատգամավորական մանդատ: Ձևավորեցիք ձեր և Սերժ Սարգսյանի համար խորհրդարան: Այսօր քաղաքական համակարգ ձևավորելով ի դեմս գերլիազորություններով օժտված վարչապետի, դուք չգիտակցեցիք, որ ձեզ ականապատել եք: Ապրիլի 23-ից հետո, տեսնելով ականները, չդիմեցիք սակրավորների: Չթոթափեցիք բռնապետությունը և ընդունեցիք քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու մասին օրենքներ, չընդունեցիք գաղտնազերծման մասին օրենքներ: Երբ 2016-ին Սերժ Սարգսյանը որոշել էր հանձնել հողերը, ինչը սկսեցին մեր զինված ուժերը, ինչը հանգեցրեց նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին»:
Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց՝ առջևում դեռ մեր դուռը պիտի թակի մեծ պատերազմը: Այնուհետև տեղեկացրեց՝ վաղը Երկիր Ծիրանին կհաղորդի իր դիրքորոշումը քաղաքական այլ խնդիրների վերաբերյալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ