Նարեկ Խաչատրյանը մասնագիտությամբ նկարիչ է: Բուհն այս տարի է ավարտել, հիմա էլ փորձում է աշխատանք գտնել: Այսօր Վանաձորում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի ժամանակ Նարեկն էլ շրջում էր տաղավարներով, փորձելով իր մասնագիտությամբ աշխատանք գտնել. «Նկարչության ուսուցչի աշխատանք եմ փնտրում: Նոր եմ սկսել հետաքրքրվել ու փորձում եմ հարմար աշխատանք գտնել: Ինչքանով, որ հասցրեցի նայել, իմ նկարչի աշխատանք չկա: Ինչքան գումար էլ լինի կաշխատեմ, պարապ լինելուց լավ է: Կարեւորը, որ իմ մասնագիտությամբ աշխատանք լինի»:
Ի տարբերություն Նարեկի, Հայկ Մայիլյանը մասնագիտական կրթություն չունի, փոխարենը տարբեր արհեստների է տիրապետում: Սակայն այսօր ինքն էլ է կանգնել աշխատանքի տեղավորման խնդրի առջեւ. «Առաջին անգամ եմ այս տոնավաճառին մասնակցում: Ձեռքիցս ամեն գործ էլ գալիս է: Այս պահին ինձ հարմար՝ ներկարարի թափուր աշխատատեղ կար, դիմեցի: Հույս ունեմ, որ կկանչեն»:
Գործազուրկներն իրենց հարմար աշխատանք են փնտրում, գործատուներն էլ՝ բանիմաց մասնագետներ. «Հոգեբույժի, ակնաբույժի, նյարդաբանի ռեանիմատոլոգի, ռուսաց լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղ ունենք այս պահին: Մի քանի մասնագիտության գծով էլ ապագայում կունենանք նոր աշխատակցի կարիք: Նշված մասնագետների կարիքը վաղուցվանից ունենք, ուղղակի դիմորդներ չկան: Բուն մասնագիտական է, դրա համար չեն դիմում: Բայց այս պահին 10 հոգի դիմել են, տեսնենք ո՞նց կլինի»,- ասում է Վանաձորի պետական բժշկական քոլեջի զինղեկ Արեն Մովսիսյանը:
Այս տարի տոնավաճառին մասնակցում է 40-ից ավելի գործատու: Տոնավաճառին ներկայացված են գրեթե բոլոր ոլորտները, սկսած կրթությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ. «Այս տարի մենք գործատուներ ենք հրավիրել նաեւ մարզի տարբեր համայնքներից: Օրինակ, դպրոցներից են ներկա, որտեղ կան թափուր աշխատատեղեր եւ երկար ժամանակ է չեն համալրվում: Նպատակ ունենք, որ այս կերպ Վանաձորից կարողանանք համապատասխան մասնագետներ գտնել եւ գործուղել մարզի գյուղական համայնքներում աշխատելու»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
11-րդ աշխատանքի տոնավաճառին ներկայացված էին 344 առկա եւ 211 ապագա թափուր աշխատատեղ: Առաքելյանի խոսքով՝ բնակիչների հետաքրքրությունը տոնավաճառի նկատմամբ մեծացել է: Վստահեցնում է՝ յուրաքանչյուր միջոցառումից հետո մոտ 70 գործազուրկ տեղավորվում է աշխատանքի: Իսկ այս պահին Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 4.600 աշխատանք փնտրող: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 2 տոկոսով:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ