Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գունազարդ վազք՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

Սեպտեմբեր 27,2018 20:20

«Երեւանյան գունազարդ վազք 2018» նախագծի կազմակերպիչները այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեցին միջոցառման նպատակները, ծանոթացրին մասնակցության պայմաններին, օրակարգին և գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրին:

«Գունազարդ վազք» նախագիծը առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին: Այս տարի չորրորդ մեկնարկը նվիրված է Երևանի 2800 ամյակին:

«Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ, Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի նախագահ, «Երևանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանն ասաց. «Այս նախագծով ցանկանում ենք մեր Երևանը ներկայացնել  ավելի գեղեցիկ, գունավոր, ակտիվ  և երջանիկ: Միջոցառումն անցկացվելու է  սեպտեմբերի 30-ին: Մեկնարկը կտրվի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից: Նախորդ տարիների համեմատ վազքուղու երկարությունը 5000-ի փոխարեն 2800 մետր է՝ Երևան քաղաքի ծննդյան 2800 ամյակի առթիվ: Այս տարի ևս միջոցառումն ունի բարեգործական ուղղվածություն: Վազքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է  «Անի-Հայկուհի հիմնադրամ»  բարեգործական ծրագրին, որն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում քաղցկեղի բուժման պրակտիկան բարելավելու նպատակով: Առաջին անգամ Երևանյան գունազարդ վազքին մասնակցելու են նաև  ֆիզիկական սահմանափակ կարողություններով մոտ 20 անձինք»:

Ղազար Հակոբյանը հավելեց, որ միջոցառման շուրջ հետաքրքրությունը տարեց-տարի ավելանում է, և Երեւանյան գունազարդ վազք 2018-ին միացել է նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:

Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի ղեկավար  Արթուր Հարությունյանը մի քանի մանրամասն ներկայացրեց. «Միջոցառումը սկսվելու է ժամը 9:00-ին ֆիթնես նախավարժանքով: 2800 մ երկարություն ունեցող վազքուղու երկարությամբ  լինելու են չորս գունազարդ կետեր, որտեղ մասնակիցների վրա կլցվեն գունավոր փոշեներկեր: Դրանք բացարձակ անվնաս են: Իսկ վազքուղու  ավարտին տեղի կունենա ավանդական երաժշտական գունազարդ հրավառությունը և Color Party-ն: Արդյունքների արձանագրում չի իրականացվելու, սակայն մրցատարածությունն առաջինն անցած երեքական տղաները և աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով»:

Ղազար Հակոբյանն Aravot.am-ին ասաց նաեւ, որ այդ օրը սպասվում է զբոսաշրջիկների մասնակցություն: «Ցանկանում ենք, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից ժամանած մեր հյուրերը Երեւանից վառ հիշողություններ տանեն, ինչու չէ, նաեւ հեռանան մի քիչ ավելի առողջացած»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930