Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՊՆԽ խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:
ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել համակարգող կոմիտեի` Երևանում անցկացված նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ռազմական կադրերի համատեղ պատրաստման հնարավորություններին, ռազմակրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին ընդունել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն