Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի Օֆելիան երկրաշարժից երեսուն տարի հետո է ծնվել, բայց ապրում է տնակում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2018 19:44

Այս տարի, դեկտեմբերի 7-ին կլրանա 1988-ի երկրաշարժի 30 տարին: Երեսուն տարի անց աղետի գոտում, որը դեռեւս տասը տարի առաջ վերանվանվել էր զարգացման գոտի, տնակային թաղամասեր կան: Դրանք Գյումրիի կենտրոնից մի քանի կիլոմետր են հեռու: Տնակներում արդեն մի քանի սերունդ է ապրում: 4 ամսական Օֆելիան երկրաշարժից 30 տարի հետո է ծնվել:

Այսօր, մեր այցելության պահին փոքրիկ Օֆելիան աղիքային խնդիրների պատճառով ջերմում էր, տրամադրություն չուներ: Մայրն ասաց, որ ինֆեկցիան ջրից է անցել, որով երեխայի կաթն է պատրաստել: Տնակների  թաղամասում այնքան շատ են կենցաղային անհարմարությունները, որ մաքուր ջրի մասին անգամ չեն էլ երազում. ծորակից ինչ որակի ջուր գալիս է, այն էլ օգտագործում են:

Ամեն նոր կառավարության օրոք մարզային իշխանությունները գալիս՝ գույքագրում են անում, տնակներն ու մարդկանց հաշվառում: Այս տարվա ապրիլին էլ եկել, փաստաթղթեր են պահանջել, տնակներում ապրողները տրամադրել են, հույսով սպասում են:

Քրիստինե Տեփոյանը Վահրամաբերդից է տնակային թաղամաս հարս եկել եւ արդեն 11 տարի է երեք անչափահաս երեխա է տնակում մեծացնում: Արեւը դուրս գալուն պես, ընտանիքի մայրը գորգերը, վերմակներն ու հագուստներն է արեւի տալիս. տնակը խոնավ է, լույսից ու արեւից, կենցաղային անհրաժեշտ պայմաններից զուրկ:

Քրիստինեի պատմելով, անգամ այս պայմաններում դպրոցական երեխան բարձր առաջադիմություն ունի: Ընտանիքն աշխատանք չունի, միակ եկամուտը թոշակն է ու նպաստը: Ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի հետեւանքով էլ գոնե վարձով տուն տեղափոխվելու շանս չունեն, որպեսզի երեխաների պայմանները փոքր-ինչ բարելավեն: Միակ հույսը երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարության խոստումներն են:

Հասմիկ Գեւորգյանը շաքարային դիաբետ ունի: Տիկին Հասմիկն էլ 2006-ից է տնակում: Հարեւան հանրակացարանում է ապրելիս եղել, որը նույնպես երկրաշարժից վնասվել է, սակայն այլ ապրելու տեղ չունենալու պատճառով մարդիկ դուրս չեն եկել կիսափլված շենքից, սակայն շենքն այն աստիճան վթարային է դարձել, որ ապրելն այլեւս անհնար է եղել: Տիկին Հասմիկի ընտանիքը տեղափոխվել է հարեւանությամբ գտնվող տնակներից մեկը: Նրանց ընտանիքին էլ հաշվառել են, սպասում են: Հարեւանությամբ տնակային թաղամասի «սուպերմարկետն» է, այն նույնպես տնակում է գործում: Վաճառողի խոսքով, տնակում ապրողներն անգամ երկու հացի համար չեն կարողանում վճարել՝ գրվելով են հացը տանում:

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի տվյալներով, այս պահին Գյումրիում 2300 ընտանիք՝ մոտ տասը հազար անօթեւան կա:

Մեր այցը Գյումրի, կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դէ հիմա ասեմ, ինձ կարող ա ճիշտ չհասկանան: Չասել էլ չեմ կարող: Լաւ, նախորդ իշխանութիւններն անասելի վատն էին: Բա մի տունն ի՞նչ ա, որ չէք կարում 30 տարի սարքէք: Ախր դուք էլ էք «մեղաւոր»: Տուֆի հանքերը կողքներդ: Գնայիք օրական մի քար ուսներիդ դնէիք, բերէիք ձեր տան պատերը շարէիք: Հազար ու մի կամաւոր կայ (Հայաստանում ու ամբողջ աշխարհում), յայտարարութիւն տայիք, ակցիաներ կազմակերպէիք, կը գային կողքից կ’օգնէին:

    Ձեր խնդիրները նախ եւ առաջ դո՛ւք պիտի լուծէք: Ուրիշը ձեր փոխարէն ՉԻ՛ անելու 🙁

    Հայաստանցիները ցաւօք յետ են վարժուել աշխատելուն: Մէկ էլ կարող ա լսեմ, որ էս ինչ ընտանիքը սոված ա: Էս ո՞ր դարն ա, որ մարդ սոված լինի: Չես կարում քաղաքում ապրես, տեղափոխուի գիւղ, հող մշակի, կենդանի պահի: Չեմ ասում արքայավայել կ’ապրես, բայց գոնէ սոված չես մնայ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930