«Դա ոչ միայն ներխուժում էր մամուլի ազատության տիրույթ եւ լրագրողական միջավայր, այլեւ՝ լրագրողների գաղտնի աղբյուրների պաշտպանության լուրջ խախտում: Այդ իրավունքն ամրագրված է միջազգային եւ ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքներով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս իրավապահների կողմից Yerevan.Today լրատվական կայքի խմբագրությունում իրականացրած գործողություններին, ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ նախագահ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով՝ առգրավելով խմբագրության տեխնիկական միջոցները՝ իրավապահները լրջորեն վտանգել են լրագրողների գաղտնի աղբյուրների պաշտպանության իրավունքը. «Համակարգչում կարող էին առկա լինել պատրաստվելիք հետաքննություններ, որոնց տեղեկություններն աղբյուրները տրամադրել են գաղտնի պահվելու պայմանով: Բայց, փաստորեն, այդ տեղեկատվությունը փոխանցվեց իրավապահ մարմիններին»:
Ըստ այդմ, ըստ Շուշան Դոյդոյանի, տեղեկատվության աղբյուրներին վտանգ կարող է սպառնալ. «Իմ այս շեշտադրումը որպես կասկած եմ հնչեցնում: Եթե լրագրողների տեղեկատվական աղբյուրների գաղտնիության բացահայտման վտանգը կա, պետք է պահանջել, որպեսզի իրավապահների միջամտությունը խիստ նվազագույնի հասցվեր: Արդյո՞ք իրավապահները տվյալ գործի բացահայտման համար սպառել էին մյուս բոլոր միջոցները եւ հանգել ամենածայրահեղ մեթոդին: «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ասում է, որ բոլոր միջոցները պետք է սպառված լինեն, որպեսզի իրավապահները լրատվամիջոցին պարտադրեն, այն էլ՝ դատարանի որոշմամբ, տեղեկատվության աղբյուրը բացահայտել»:
Այս դեպքում, սակայն, ինչպես մեր զրուցակիցն է նշում, տեղեկատվության աղբյուրները հեշտությամբ հայտնվեցին իրավապահների ձեռքում. «Հարց կառաջանա՝ այդ լրատվամիջոցին ապագայում որքանո՞վ կվստահեն, որովհետեւ, փաստացի, իրենց մոտ խուզարկություն եւ առգրավում տեղի ունեցավ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ