Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս ԱԺ-ի գոյությունը հակասահմանադրական է. պատգամավորները պետք է հրաժարական տան». Այվազյան

Սեպտեմբեր 27,2018 18:50

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում ասում է, որ ընտրությունների անցկացման երկու տարբերակ կա՝ կամ ԱԺ խմբակցությունների հետ ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ վարչապետի հրաժարականի դեպքում վերջիններս այլ թեկնածուի չեն առաջադրում, կամ նախաձեռնվում են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ԱԺ-ն հնարավոր լինի լուծարել առանց վարչապետի հրաժարականի:

Տեղեկացնենք, որ գործող Սահմանադրությամբ՝ որպեսզի ԱԺ-ն լուծարվի, վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանը երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո, ըստ օրենքի. կհրավիրվեն արտահերթ ԱԺ ընտրություններ: Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն, որովհետեւ գործող Սահմանադրությունն արդեն իսկ ոտնահարված է:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մասնավորապես, ունենք փաստացի գործող Ազգային ժողով: Սահմանադրությունն ամրագրում է, որ ՀՀ-ում բարձրագույն օրենսդիր իշխանության ներկայացուցչական մարմինը ԱԺ-ն է: Խնդիրն այն է, որ գործող ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմինը չի համարվում, ինչը ցույց տվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները: Այսինքն, ԱԺ-ի ներկայիս գոյությունն արդեն իսկ հակասահմանադրական երեւույթ է, որովհետեւ ԱԺ-ն չի ապահովում ժողովրդի ներկայացուցչությունը»:

Վարդան Այվազյանի բնորոշմամբ՝ այս հիմքը բավարար է, որպեսզի ԱԺ-ն ինքնալուծարվի, բայց հետեւյալ խնդիրը կա. «Քաղաքակիրթ երկրներում, որտեղ իրավական մշակույթը բարձր մակարդակի վրա է, քաղաքական գործիչները համապատասխան ողջախոհություն ունեն եւ հրաժարական են տալիս, ինքնալուծարման են գնում: Քանի որ մեր իրականության մեջ ողջախոհության ինստիտուտը չկա, ԱԺ պատգամավորները չեն ուզում հրաժարական տալ ու ինքնալուծարվել՝ պատճառաբանելով, թե՝ «ներկայիս կառավարությունն այդ ի՞նչ օրինագիծ բերեց, որ մենք էլ չքվեարկեցինք-չաջակցեցինք…»:

Մինչդեռ քվեարկելը կամ աջակցելը նշանակություն չունի այս դեպքում: Կարեւորն այն է, որ ԱԺ-ն ներկայացնի ժողովրդի իրական իշխանությունը, ինչն այսօր չի իրականացվում: Հետեւաբար, ԱԺ-ի յուրաքանչյուր մեկ ժամ ավելի գոյություն ունենալը հակասահմանադրական երեւույթ է: Քանի որ մեր պատգամավորները համապատասխան ողջախոհություն չեն դրսեւորում, հանրության լայն շրջանակների ճնշման ներքո պետք է գնան ինքնալուծարման եւ հրաժարական տան»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ թե վարչապետի հետ բանակցությունների արդյունքում խորհրդարանական ուժերը համաձայնության չգան այն հարցի շուրջ, որ խորհրդարանը պետք է լուծարվի, միակ միջոցը մնում է հանրային ճնշում գործադրելը, որի կոշտության չափաքանակը պետք է աստիճանաբար կիրառել. «Եթե մեր «ողջախոհ» պատգամավորները համոզելու մեթոդը չեն ընդունում, ուրեմն պետք է հարկադրանքի մեթոդը կիրառվի: Հիշենք, որ հեղափոխությունից հետո շատ պատգամավորներ հասարակական պարսավանքի ենթարկվեցին: Դա արդարացված է, եթե նրանք չունեն ողջախոհություն»:

Վարդան Այվազյանի համոզմամբ՝ եթե վարչապետը ցանկանում է կյանքի կոչել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունը, դա չի նշանակում, որ նրան պետք է մեղադրեն այդ հարցում. «Այդ ընտրությունների անցկացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, ոչ թե վարչապետի քմահաճույքը: Իմ կարծիքով՝ ամենաարդյունավետ տարբերակն է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ստորագրվի փաստաթուղթ, որն իրավական հետեւանքներ կունենա: Դրանում խորհրդարանական խմբակցությունները կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք վարչապետի այլ թեկնածուի չեն առաջադրի: Դա կարող է լինել հուշագրի կամ համաձայնագրի տեսքով, որպեսի երաշխավորի նշյալ փաստը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930