Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար
Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկկողմ այցերն արդեն իսկ լավ հիմք են ոչ միայն երկու երկրներում տեղի ունեցող գործընթացներին անմիջականորեն ծանոթանալու, այլև՝ հետագա համագործակցության առումներով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կազիմերժ Ռակովսկին կարևորել է երկկողմ ապակենտրոնացված հարաբերությունների ձևավորումը և մատնանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես խոսելով Լեհաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ձևաչափի և կառավարման համակարգում ձեռք բերած փորձի մասին:
Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախում ՏԻՄ առանձնահատկությունների մասին, կարևորել է այդ բնագավառում Լեհաստանի ունեցած փորձի փոխանակումն ու խորհրդատվությունների կազմակերպումն Արցախի իշխանությունների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև միջխորհրդարանական կապերի, Արցախի Հանրապետության խորհրդարանում ձևավորված բարեկամության խմբերի և համագործակցության հնարավոր հեռանկարների մասին:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերին բաժին