Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Մենք Ձեզ հետ հանդիպել ենք այս ամսվա սկզբին Սոչիում, և այսօր՝ Բաքվում, և դա մեր հարաբերությունների մակարդակի հստակ ցուցիչ է: Մենք ակտիվ համագործակցում ենք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ու մարդասիրական ոլորտներում. Բոլոր ուղղություններով մենք մեծ առաջընթաց ենք տեսնում»,- Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ իրենց համար Ռուսաստանը շատ կարևոր և արժեքավոր գործընկեր է, բարեկամ և հարևան, որի հետ ունեն ամենաբարձր մակարադակով հարաբերություններ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների հարաբերությունները կընթանան միայն զարգացման ճանապարհով:
Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաստատել, որ երկու երկրների հարաբերությունները դրական ընթացք ունեն տնտեսության և այլ ոլորտներում: «Շատ կարևոր էր այն խթանը, որ հաղորդվեց մեր գործակցությանը Ձեր՝ Ռուսաստան կատարած այցով, և այն փաստաթղթերով, որոնք մենք Ձեզ հետ ստորագրեցինք: Այժմ կարևոր է, որպեսզի այդ խթանը չկորչի, և փաստաթղթերը գործեն»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ