Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար

Սեպտեմբեր 27,2018 17:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն:

Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը:

Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գ.Գ.-ն բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:

Բացի այդ, Գ.Գ-ն., չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն:

2018թ. սեպտեմբերի 25-ին Գ.Գ-ն ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Հ. Գ. Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ ձերբակալված Գ. Գ.-ն Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանն է, որին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930