«Այս ծրագրի պայմանագիրը կնքել ենք մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որից հետո այն ավելի կարեւոր է: Շատ կարեւոր է ՀՀ-ում կառուցել հետաքննական լրագրության մշակույթը, ինչը հեշտ չէ: Դա լրագրության ամենահերոսական տեսակներից է»,-«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ ԵՄ-ից ֆինանսավորված հետաքննող լրագրողների վերապատրաստման նոր ծրագրի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին:
«Չհիշատակեմ դեպքերը, երբ լրագրողներն իրենց կյանքն են կորցնում՝ հետաքննություններ վարելիս: Նման դեպքեր տեղի են ունենում նաեւ այլ երկրներում, բայց չէի ցանկանա, որ ՀՀ-ն դրանց թվում լիներ»,-նշեց նա: Սվիտալսկու խոսքով՝ ՀՀ-ում հետաքննական լրագրությունն առավել կարեւոր է դարձել հեղափոխությունից հետո, քան դրանից առաջ էր. «Օրինակ՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին նայելով՝ արձանագրում ենք, որ չի ձեւավորվել առողջ ընդդիմություն: Առհասարակ, Կառավարության եւ այլ քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռությունը թույլ է»:
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ուստի՝ ենթակա է վերջինիս օրենքներին. «Այդ առումով մտահոգ եմ, որպեսզի ՀՀ-ում պահպանվեն տեղեկատվության աղբյուրի չբացահայտման սկզբունքները: Լրագրողների իրավունքները պետք է պաշտպանված լինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ