«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները մեկնարկից առաջ խոսել են անցած հինգ տարիների ձեռքբերումների ու այս տարվա կարևոր անելիքների մասին։ Կինոփառատոնի մամուլի ասուլիսը կայացավ մոռացված «Հայրենիք» կինոթատրոնում։ Ներկա են եղել «Սոսե» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը, համահիմնադիր, տնօրեն Սիմոն Սահակյանը, վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը։
«Ամեն ինչ սկսվեց հինգ տարի առաջ, որոշեցինք հիմնել կին հեղինակների կինոֆիլմերի փառատոն։ Այն ժամանակ չէինք էլ մտածում, որ հետո փառատոնը կդառնա միջազգային և ընդամենը 8 ֆիլմով մեկնարկած «Սոսե»-ն այսօր արդեն 174 ֆիլմ կունենա մրցութային ծրագրում։ Իսկ ստացել ենք ընդհանուր առմամբ 742 ֆիլմի հայտ»,- ասաց Ռիտա Խալաթյանը։
Կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Այս տարի ընդլայնվել է նաև ֆիլմի աշխարհագրությունը, մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկիր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)։
Կինոփառատոնի համահիմնադիր և տնօրեն Սիմոն Սահակյանն առանձնացրեց կարևոր նախաձեռնությունները։ Պատահական չէ, որ կինոփառատոնը մեկնարկում է հենց «Հայրենիք» կինոթատրոնում: «Մենք նպատակ ունենք հիշեցնել մոռացության մատնված կինոթատրոնների մասին։ Այդպիսով պատասխանատուների ուշադրությունը կենտրոնացնելու դեպի այդ կինոթատրոններ, կինոն մեծ էկրան վերադարձնելու և գնալու շահույթը վերականգնելու նպատակով։ Կանդրադառնանք ևս երկու կինոթատրոնի, այս անգամ մարզերում՝ Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի կինոթատրոններին։ Սա մշակութային յուրօրինակ հեղափոխություն է, որ կուզեինք վարակիչ լիներ»,-ասաց նա։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոնների էկրան բարձրացած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։ Կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն /Վրաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Հայաստան/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը /Հայաստան/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։
Կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը վստահեցնում է, որ շատ բծախնդիր են ընտրվել վավերագրական ֆիլմերը․ «Փառատոնի մրցութային փուլ անցած վավերագրական ֆիլմերը բազմաժանր են ու բավականին հետաքրքիր։ Ես վստահ եմ, որ վավերագրական կինոյի սիրահար յուրաքանչյուր ոք կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը։ Այնպես որ հորդորում եմ անպայման դիտել փառատոնի ֆիլմերը»։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերը Երևանում կցուցադրվեն «Հայրենիք» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, «Դը քլաբ» ակումբում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, «Հոդված 3» ակումբում Երևանի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ «Սոսե» միջազգային կինոփառատոնի՝ մոռացված կինոթատրոններին անդրադառնալու նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Կցուցադրվեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կբացվի սեպտեմբերի 28-ին դեպի «Հայրենիք» կինոթատրոնում՝ Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, կցուցադրվի Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմը: Կինոփառատոնը կտևի մոտ երկու ամիս։
Նարա ԵՓՐԵՄՅԱՆ