Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայում բնակվող 82-ամյա հայ գործարարի մեծ ներդրումը Գյումրու բժշկական կենտրոնում (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2018 16:37

Այսօր Գյումրի բժշկական կենտրոնում բացվեց գերժամանակակից՝ հետազոտական ու վիրաբուժական սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոն։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, այն  չի տարբերվում մայրաքաղաքի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կենտրոններից, այստեղ ընդհուպ մինչև լազերային վիրահատություն կատարող սարքավորումներ կան։ Ըստ տնօրենի, սրանով կկանխեն Շիրակի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք, որոնք մինչ այս հետազոտվելու համար անգամ բավական մեծ գումարներ էին ծախսում ու հասնում մայրաքաղաք։

Իսկ թե ինչպես կլուծվի  մասնագետների հարցը,  երբ ողջ Շիրակի մարզում խելքը գլխին ակնաբույժ դժվար է գտնելը, Արմեն Իսահակյանն ասաց, որ Երևանի առաջատար կլինիկաների մասնագետների  հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գան ու Գյումրիում ծառայություններ մատուցեն։

«Մենք կհավաքագրենք հիվանդներին և լավագույն մասնագետները կվիրահատեն այստեղ, մինչև Շիրակի մարզից  երևանաբնակ որևէ մասնագետ ցանկություն հայտնի գալ ու բնակվել Գյումրիում»,- ասում է Արմեն Իսահակյանը։

Բժիշկ Իսահակյանը նաև տեղեկացրեց, որ մոտ մեկ միլիոն դոլար ներդրում է կատարվել ու դեռ շարունակական կլինի։

Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական ակնաբուժության նախագիծն ունի հինգ տարվա ծրագիր, որն ուղղված է Հայաստանում մարզային ակնաբուժական համակարգի վերականգմանը։

«Ծրագիրը սկսվել է 2015 թվականից, սկսվել է Իջևանից, մեր մարզային կենտրոնն առաջինը Իջևանում է բացվել, երկրորդը՝ Սպիտակում, 3-րդը Կապանում, և բնական է, որ Գյումրիում ևս պետք է լիներ այդ ծրագրով, որովհետև երկրորդ քաղաքն է, վիրահատական լուրջ հնարավորություններ չկային։ Եվ մենք սկսեցինք բանակցությունները բարերարների հետ և ի ուրախություն՝ կարողացանք գտնել բարերարի, որը համաձայնեց գումար հատկացնել, որպեսզի Գյումրիում լինի ակնաբուժական կենտրոն և՛ վիրահատական, և ՛զննման մասով, ինչն ամբողջական ցիկլով ապահովում է բուժումը», -ասաց Նունե Եղիազարյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ բարերարը՝ գործարար Լյութեր Խաչիկյանը մեծ սիրով համաձայնել է  ֆինանսավորել, նա Հայկական ակնաբուժության նախագծի հետ աշխատում է շատ երկար։

Այսօր բարերարի փոխարեն Գյումրի էր եկել նրա ազգականը՝ Վահե Խրոյանն, որը և ներկայացրեց Լյութեր Խաչիկյանի կյանքի պատմությունը։

Նորաբաց ակնաբուժական կենտրոնը կրում է բարերարի հոր՝ Օհաննես Ջոն Խաչիկյանի անունը։ Վահե Խրոյանն ասաց, որ Լյութեր Խաչիկյանը շատ էր ուզում մասնակցել իր հոր անունը կրող ակնաբուժական կենտրոնի բացմանը, բայց չկարողացավ գալ, սակայն իրեն է խնդրել ներկայացնել թե՛ իր անձը, թե՛ ընտանիքը։

Լյութեր Խաչիկյանը, ըստ մեր զրուցակցի,  թոշակառու  է՝ 82 տարեկան է, սակայն նա Կալիֆոռնիայի խաղողի, նուշի, տունկի ամենամեծ ֆերմայի սեփականատերն է, նա նաև  զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով։ «Գրեթե 1,5 միլիոնի տուն ծախած է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բարերարը, ըստ Վահե Խրոյանի, «սրտանց ուզել է օգնել աչքի լույսի պակաս  ունեցող մարդկանց»։ «Նա 30 տարեկանեն աչքի հարց ունեցած է և կպատրաստվեր, որ ան այդ տարիքեն կուրության կտաներ, սակայն, Փառք Աստծո, վիրաբուժական միջամտությամբ աչքեր տեսան, բայց այն իր մեջ մնացած է  և ասենք սեր ու գուրգուրանք ստեղծած է։ Եվ երբ որ այս հարցը եղավ, հարցրի՝ ինչո՞ւ կուզես օգնել, ասաց՝ երբ որ հայ երիտասարդներուն անուշիկ, սև աչքերը տեսնես, իմ աչքերը արցունք կլցվեն։ Սա հաճույք է, անշուշտ, իր համար»,-ասաց Վահե Խրոյանը։

Բարերարը ծնվել է ԱՄՆում․ նրա  նախնիներն  այնտեղ են գաղթել Հայոց Ցեղասպանության ժամանակ․տատիկը իր դստերն ու որդուն, այսինքն՝ բարերարի հորը վերցրել, ԱՄՆ է տեղափոխվել։

Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ իր հայրը ևս հրաշքով է կենդանի մնացել Հայոց Ցեղասպանության ժամանակ։

Այսօր միջոցառմանը մասնակցում էին նաև մեծ թվով ակնաբույժեր ու հյուրեր ԱՄՆ-ից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930