Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Միջազգային համաժողով. «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները»

Սեպտեմբեր 27,2018 16:15

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների, կապերի հաստատման, ինչպես նաև ՀՀ  և օտարերկրյա բուհերի միջև համագործակցության նոր հեռանկարների բացման տեսանկյունից: «Սակայն երբեմն այդ համագործակցությունից ակնկալվել է ավելին, քան իրականում եղել է:

Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի ERASMUS-ի ծրագրերը չվերածվեն, այսպես կոչված, ակադեմիական տուրիզմի, այլ դրանց արդյունքները մուլտիպլիկացիոն էֆեկտով փոխանցվեն կոլեգաներին և  բոլոր շահագրգիռ կողմերին: Քանի որ այս տարի 12-ամյա կրթության անցման հետ կապված տեղացի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, այն կարող էր հնարավորության նոր պատուհան բացել մեր բուհերի համար:

Այսինքն` վերջիններս ճգնաժամային պայմաններում կարող էին հաղթահարման ուղիներ փնտրել, որոնցից մեկը հենց բուհի միջազգայնացման գործընթացն է՝ օտարերկրյա ուսանողների ներգրավման տեսանկյունից: Ցավոք, մեր բուհերը դեռևս չեն ձևավորել իրենց ինքնությունը, այդ թվում նաև  իրենց ուսանողների մեջ, երբ այդ նույն ուսանողը, իրեն հպարտ կզգա որպես տվյալ հաստատության շրջանավարտ  և տարբեր միջոցներով կօգնի իր բուհին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը կապված է նաև այն փաստի հետ, որ մեր բուհերը տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց մարկետինգային քաղաքականությանը և բրենդինգին, որը, ըստ փոխնախարարի, շատ կարևոր է և նպաստում է  բուհի միջազգայնացման գործընթացին: «Կրթության և գիտության նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին է, որը, ցավոք, այսօր զբաղված է միկրոմենեջմենթով, որն իրականում բուհերի ներքին խնդիրն է:

Այդ պատճառով  «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո պետք է կտրուկ բարձրանա բուհերի ինքնավարությունը և կրճատվի պետության մասնակցությունը: Մեկ այլ խնդիր ևս, որը վնասել է բարձրագույն կրթության ողջ ոլորտի հեղինակությանը և իջեցրել ընդհանուր վստահելիությունը, որոշ մասնավոր բուհերի անբարեխիղճ գործունեությունն է: Այսուհետ  մենք  բավականին խիստ ենք լինելու այս հարցում, և յուրաքանչյուր խախտում արժանանալու է գնահատականի՝ ընդհուպ մինչև այդ բուհի լիցենզիայի գործունեության կասեցում»,-նշել է նախարարի տեղակալը՝ իր ելույթում կարևորելով նաև օտարալեզու կրթական ծրագրերի մշակման և դրանց տեսանելիության ապահովման խնդիրը՝ արտերկրի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից: Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է նաև բուհերի որոշակի վարկանիշավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մրցակցության խրախուսումը կբերի նաև հավելյալ ֆինանսավորում:

«Հաճախ բուհերը դժգոհում են հանրակացարանային խնդիրներից, սակայն, իմ կարծիքով՝ այն ամենահեշտ լուծելի հարցերից է՝ մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այսինքն՝ ցանկություն, համապատասխան ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում բոլոր խնդիրները լուծելի են: Նախարարությունն իր կողմից կանի հնարավորը՝ աջակցելու բուհերին, իսկ մնացած հարցերում բուհերն ինքնուրույն պետք է գործեն՝ հասնելու առավելագույն արդյունքի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազմավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930