Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամյան. «Քաղաքի դեմքը ստեղծում են իշխանավորները»

Սեպտեմբեր 27,2018 15:19

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շնորհավորել են նորընտիր քաղաքապետին, ցանկացել, որ այն պատասխանատվությունը, որ իր ուսերին վերցրել է, կարողանա արդարացնել:

«Ընդ որում, կարողանա արդարացնել ոչ միայն ըստ իր ցանկության, այլեւ քաղաքացիների, որովհետեւ քաղաքացիներն էլ պետք է ակտիվություն, մասնակցություն ունենան քաղաքի բազմաթիվ հարցերի լուծմանը: Միայն ընտրելով չի»,-ասաց ՀԳՄ նախագահը` շեշտելով, որ Երեւանն ունի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում քաղաքաշինական, գովազդային եւ այն:

Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ առանձնացնում է նաեւ քաղաքի արվարձանների խնդիրը. «Օրինակ Սարի թաղը, որտեղ ես մեծացել եմ, 30-40 տարվա մեջ հազվադեպ է առաջընթաց ունենում, մեկ-երկու ավտոբուս է ընդամենն աշխատում, որ քաղաքից ժողովուրդը գնա հասնի Սարի թաղ: Մի 20 տարին մեկ էլ մի փողոց ասֆալտեն կամ չասֆալտեն, մնացածը մնացել է բախտի քմահաճույքին: Տները քանդվում են, սարի թաղի տակով ջրեր են հոսում, քաղաքաշինական հսկա խնդիր է, բազմաթիվ մարդիկ տների կորստի առաջ են կանգնած»,-ասաց մեր զրուցակիցը: Պարոն Միլիտոնյանը շեշտում է, որ Հայկ Մարությանը պետք է միայն կենտրոնի քաղաքապետը չլինի, զարգացման ծրագրերը պետք է տարածվեն նաեւ արվարձանների վրա: Հավելեց, որ քաղաքը նաեւ ընդհանուր հայության խնդիրներ ունի:

«Սովորաբար քաղաքապետարանը շեշտը դնում է զանգվածային միջոցառումների վրա, որոնք ֆինանսապես հսկայական միջոցներ են կուլ տալիս եւ քիչ ազդեցություն են թողնում մշակութային ճաշակի զարգացման վրա: Ես կարծում եմ, որ պետք է մեծ ուշադրություն դարձվի քաղաքում ապրող արվեստագետների, մտավորականների, գիտնականների ջանքերը օգտագործելու, քաղաքի մթնոլորտը փոխելու առումով»,- համոզված է ՀԳՄ նախագահը:

Սեպտեմբերի 27-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ` խոսելով նոր քաղաքապետից ունեցած ակնկալիքներից, նշեց, որ ուզում է տեսնել, բեռնաթափված եւ ոչ գավառական քաղաք, անդրադարձավ արհեսականորեն ուռճացված Երեւանին ու այդ ֆոնին նաեւ դատարկված գյուղերին:

«Մենք հաճախ ենք խոսում ենք Թամանյանի ճարտարապետության մասին, բայց մոռանում ենք, թե ինչ թվով բնակչության համար էր այն նախատեսված»,- տարակուսանք հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանի խոսքերով, նոր քաղաքապետին ծանր աշխատանք է սպասվում, որովհետեւ խնդիրները շատ են, սկսած տրանսպորտից, վերջացրած ընդհանուր տեսքով:

«Բոլորը կարծում են, որ քաղաքը սարքում են ճարտարապետները, սակայն այդպես չէ, քաղաքի դեմքն ավելի հաճախ ստեղծում են իշխանավորները, դրա համար մենք հիշում ենք` նույն Երեւանում կան Ստալինյան շենքեր, Խրյուշչովյան շենքեր, Թամանյան ճարտարապետություն…Ամեն դեպքում համակարգն իր խոսքն ասում է: Այն համակարգը, որ եղել է վերջին տասնամյակներին, ստեղծել է այն Երեւանը, որ այսօր մենք ունենք` հազարավոր խնդիրներով, ուստի մեծ դժվարություն է պահանջում այս ամենը ճշտելու, շտկելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՆՄ նախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930