«Նախատեսում ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամենադժվար հատվածում աշխատանքներն առաջ տանել, որն ավելի էական է»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
«Այսինքն՝ հակառակ նախկին դիրքորոշման, որ անենք այն հատվածը, որ կար և այդքան անհրաժեշտ չէր, հիմա ուզում ենք խիստ անհրաժեշտ հատվածն անել»,-ասաց նախարարը՝ մանրամասնելով, որ ճանապարհի կառուցումը կսկսեն Սիսիան-Քաջարան հատվածից և նախագիծը կմասնատեն. «Այն, ինչի համար մեղադրել են, մասնակի մենք էլ ենք համաձայն, թե ինչու հենց այս հատվածից առաջինը որոշեցին Տրանշ 1-ը սկսել՝ Արտաշատ-Աշտարակ հատվածից, իհարկե դա էլ իր արդարացումներն է ունեցել»:
Նա ասաց, որ իր տեղեկություններով, 24 միլիարդ խախտման մասին է խոսքը. «Չգիտեմ որպես վնաս ինչն է դիտվել, որովհետև հարուցման ընթացքը ընդարձակ է, տարբեր տարիների պաշտոնատար անձանց է վերաբերում, կստուգեն ու կերևա հետագա ընթացքը, գործը մեր տիրույթում չի»:
Հարցին, թե կտեսնենք այդ ճանապարհը, նախարարն ասաց՝ կարծում եմ, այո. «Ճանապարհը դեռևս մեր կողմից չի ընդունվել, իրենք պարտավոր են թերությունները վերացնել, մենք էլ փորձաժամկետ ունենք, կտեսնենք, իրականում թերությունները վերանո՞ւմ են, թե ոչ, նոր կընդունենք այդ ճանապարհը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ