ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը եկող շաբաթ վարչապետին երկու նոր ուսումնասիրության ավարտ կներկայացնի: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա՝ պետությանը վնաս հասցված գումարները հետ բերելու գործընթացում են ու իրավապահների հետ այդ ուղղությամբ են աշխատում: Արդեն ավարտել են Ագրարային համալսարանի ու էջմիածնի քաղաքապետարանի ստուգումները:
Մանրամասներ ասաց՝ դեռ չի կարող հայտնել: Նա նաեւ ասաց. որ «Հայրենիք- սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 միլիոն վերադարձ է եղել եւ ժամանակացույց է սահմանվել կարճ ժամանակում մնացած գումարները վերադարձնելու համար. «100 միլիոնի վնասը ստանձնել են, որ կփոխհատուցեն, ամենատարբեր խախտումներն են արել քննչական կոմիտեն արդն որոշ մանրամասներ հայտնել է»:
Անդրադառնալով իր եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրաժարականների մասին լուրերին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտավորությունները կատարել: Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում: Փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան»:
Դավիթ Սանասարյանը նաեւ խոստացավ, որ առաջիկա 3 ամիսներին մեկ ու կես միլիարդ հետ կբերվի պետբյուջե՝ էլեկտրացանցերում, «Լուսանշան» եւ «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ներից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ