Ամուլսար միջազգային ընկերությունը հանքը շահագործելու լիցենզիա է ստացել նախկին իշխանության օրոք։ Քանի դեռ հիմնավոր ապացույցներ չկան, որ լիցենզիան անօրինական է, և հանքի գործունեությունն անթույլատրելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, պետությունն իրավունք չունի խոչընդոտել ընկերության գործունեությունը։
Այստեղ կա մի փոքրիկ «խորամանկություն», պետությունը ֆորմալ առումով չի էլ խոչընդոտում՝ հանքի գործունեությունը պաշտոնապես չի կասեցվել, ընկերությունը լիցենզիայից չի զրկվել։ Սակայն այդ «գործն» անում են մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ փակելով հանքի ճանապարհը և փաստացի կազմալուծելով ընկերության աշխատանքը։ Բայց պետության կողմից այդ արհեստական արգելքը չվերացնելը (որը նա պարտավոր է անել օրենքով) նույնքան անթույլատրելի է, որքան, եթե պետությունն ինքն առանց հիմքի կասեցներ լիցենզիան։ Ստացվում է՝ ընկերությունը ֆինանսական վնաս է կրում՝ պետության անգործության պատճառով։
Այսինքն, այդ «փոքր» խորամանկությունը չի աշխատում, որովհետև բոլորը հասկանում են ինչ է կատարվում։ Հայաստանն ամեն օր կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը։ Ու եթե անգամ վերջում անկախ միջազգային փորձագիտական խումբը պարզի, որ Ամուլսարի հանքը կարելի է շահագործել, և ճանապարհները բացվեն, միևնույն է՝ Հայաստանի վստահելիությանն ու հեղինակությանն արդեն իսկ վնաս է հասցված։
Իսկ այդ վնասի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Փորձեք իրականությանը նայել օտարերկրյա ներդրողի աչքերով. մի կողմից՝ նա տեսնում է, որ Հայաստանի վարչապետը բոլորին կոչ է անում գալ և «արխային» ներդրում անել Հայաստանում՝ հավաստիացնելով, որ օրենքը հավասար գործում է բոլորի համար, և որևէ մեկը խնդիրներ չի ունենա։ Մյուս կողմից՝ նույն այդ պոտենցիալ ներդրողը տեսնում է, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային նախագիծը խնդիր ունի (մեղմ ասած), որը չի լուծվում՝ պետությունը չի անում այն, ինչը պետք է աներ։ Տեսնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թիթեռի և մեխակի հիման վրա՝ առաջարկում է լիցենզիայից զրկել ընկերությանը, հետո էլ տեսնում է, որ դա սուտ էր, և դրանից հետո այդ մարմնի ղեկավարը շարունակում է մնալ նույն պաշտոնում։ Տեսնում է, որ Ամուլսարի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցրած մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել, և այդպես շարունակ…
Ու Աստված չանի, եթե «Լիդիանը» որոշի Հայաստանին դատի տալ, ինչը մասնավոր ընկերության շահերի տեսանկյունից լրիվ տրամաբանական կլինի։ Այդ դեպքում կարող ենք ընդհանրապես մոռանալ լուրջ ներդրումների ներգրավման մասին։ Ոմանք հնարավոր դատական հայցը ներկայացնում են որպես շանտաժ, եւ պաթետիկ ուռա-հայրենասիրական տոնով հայտարարում՝ թող ինչ ուզում են՝ անեն։
Սակայն կարծում ենք՝ կառավարությունում գիտակցում են վերը նշվածի բոլոր վտանգները։ Ավելին ասենք, Նիկոլ Փաշինյանն ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի Ամուլսարի հարցը հնարավորինս արագ լուծելու առումով, որովհետև հանքի աշխատանքների փաստացի դադարեցման ազդեցությունն արդեն երևացել է՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման ձևով։
Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է 100%-անոց համոզվածություն ունենալ՝ որոշում կայացնելուց առաջ։ Սակայն արագությունն է չափազանց թույլ, նոր կառավարությունն արդեն 4 ամիս գործում է, իսկ Ամուլսարի հարցով թիթեռից այն կողմ դեռ չենք անցել։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում