Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում առողջապահական բարեփոխումները վերջին տարիներին հանգեցրել են տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման, սակայն տուբերկուլոզը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը»

Սեպտեմբեր 27,2018 11:54

ՄԱԿի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներումտուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի ելույթը

Մեծարգո նախագահող,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ խոսքս սկսել շնորհակալությամբ՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին՝ տուբերկուլոզի խնդիրը գլոբալ երկխոսության առաջնահերթություն դարձնելու համար:

Հայաստանում առողջապահական բարեփոխումները վերջին տարիներին հանգեցրել են տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման, սակայն տուբերկուլոզը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:

Մեր երկրում տուբերկուլոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:

Այդուհանդերձ, տուբերկուլոզի նոր և կրկնվող դեպքերի ցուցանիշը դեռևս բարձր է, իսկ բուժման արդյունավետությունը դեռ ցածր է, մոտ 81%՝ դեղերի հանդեպ զգայուն և 50%-ից պակաս՝ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի դեպքում:

Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղակայուն տուբերկուլոզի բարձր բեռ ունեցող երկրների շարքում է: Ընդհանուր առմամբ, տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը բուժվում է հիվանդության այս ձևից:

Հայաստանի ազգային հակատուբերկուլոզային ռազմավարությունը համապատասխանում է WHO END TB (ԱՀԿ-ն վերջ է դնում տուբերկուլոզին) ռազմավարությանը, ինչը հաստատում է ազգային մակարդակով տուբերկուլոզի դեմ պայքարի մեր հանձնառությունը:

Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ավելի լավ դեղամիջոցների օգտագործումը, հետևելով դրանց ընդունման և խելամիտ կիրառման վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, կարևոր առաջընթաց քայլ էր մեր երկրի համար:

Տուբերկուլոզի բուժումը Հայաստանում համընդհանուր հասանելի է, ապահովված է անվճար բուժում բոլոր պացիենտների համար, իսկ դեղերի մատակարարման պակաս այլևս չկա: Այս օրինակը, որպես լավագույն, ընդունվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից: Բուժման նոր մոտեցումների հարցում միջազգային աջակցության շնորհիվ ներդրվել են, օրինակ, արտաթոքային տուբերկուլոզով պացիենտների տնային  բուժման, դեղերի հանդեպ զգայուն, առանց մանրէազատման թոքերի տուբերկուլոզով հիվանդների բուժման մոդելներ՝ նրանց ընտանիքի անդամների ներգրավմամբ:

Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման` 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը` առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա:

ՊՇՌ-ի արագ ախտորոշման մեթոդները հասանելի են երկրի բոլոր մարզերում, ներառյալ քրեակատարողական համակարգը:

Մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը՝ դադարեցնելու տուբերկուլոզի դեղակայուն ձևերի տարածումը և, ի վերջո, վերացնելու Հայաստանում տուբերկուլոզը՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և պացիենտների՝ արտահիվանդանոցային բուժման համակարգի միջոցով:

Մենք կարևորում ենք ոլորտի աճող և կայուն ֆինանսավորման կարիքը, առողջապահական հաստատությունների կարողությունների շարունակական զարգացումը, խարանի և խտրականության վերացումը, ինչպես նաև հիվանդության արդյունավետ կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաջող բուժման համար հանրության իրազեկման մակարդակի բարձրացման  անհրաժեշտությունը:

Վստահ եմ, որ տուբերկուլոզի դեմ պայքարը, ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտի դեպքում, պահանջում է գլոբալ մակարդակում նոր գործիքներ, նոր հետազոտություններ ու նորարարություններ, ինչպես նաև միջոլորտային համագործակցություն և կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և պացիենտների համատեղ գործողություններ:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը հաստատում է տուբերկուլոզի համաճարակը  մինչև 2025 թվականը մեր երկրում վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930