Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ տեղի ունեցավ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հանդիպումը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
«Այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն գիտությամբ զբաղվելու, ատենախոսություն հասկանալու, այդտեղ հայտնվել են ծանոթի միջոցով, պետք է դուրս մղվեն աստիճանաշնորհման համակարգից։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք իրենց կամքով ասեն՝ հեռու ենք մնում այս պրոցեսից, որովհետեւ խարազանվելու մեծ ռիսկ կա»,- Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց Գոգյանը։
Բայց որքան էլ գիտական աստիճանաշնորհման համակարգը, նրա գնահատմամբ, շատ խոցելի է եւ չկայացած, արդեն իսկ շնորհված գիտական աստիճանից անձին զրկելու մեխանիզմ գոյություն չունի։ Այդպիսի հնարավորություն չկա նաեւ այն դեպքում, երբ այդ աստիճանը շնորհել է իրավական նորմերի խախտումով գործած մասնագիտական խորհուրդը։
Ի դեպ, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին հայտնի են դարձել դեպքեր, երբ ասենք տնտեսագետ կամ բժիշկ սկեսրայրները հարսների ծննդյան օրվա առթիվ նրանց նվիրել են գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսությունը գրել են իրենք, բայց դրանք ներկայացվել են հարսների անունից։
Հարցին, թե «գիտնական» այդ հարսները գիտության ոլորտո՞ւմ են աշխատում, թե՞ գիտական աստիճանը միայն որպես զարդ են կրում, Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ որոշները դասավանդում են բուհերում։ «Այն, ինչ որ ասում եմ, ներքին ինֆորմացիա է, որը չապացուցվող է, որովհետեւ գիտական արժեքի պատկանելությունը չապացուցվող փաստ է։ Եթե հնարավորություն լիներ այդ ատենախոսությունները պաշտպանողներին ստիպել գալ եւ դրանց վերաբերյալ սեմինար պատմել, մենք ամեն ինչ կտեսնեինք, բայց հիմա արժանավոր գիտնականը վիրավորված կհամարի, որ իրեն կասկածում են, իսկ սուտ գիտնականը կեղծ կվիրավորվի, որ իրեն կասկածում են եւ չի գա»,- նկատեց ԲՈԿ նախագահը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում