Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստան
վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ կսկսի բանակցություններ ԱԺ-ն արձակելու հետ կապված։ Հարկ է նշել, որ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը կառավարության մաս կազմող ուժերի միջեւ սրեց հարաբերությունները, եւ սա գուցե հանգեցնի նրան, որ քաղաքական ուժերը կարող են կողմ չքվեարկել ԱԺ-ն ցրելուն։
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական լարված հարաբերությունների հետագա ընթացքի, ԱԺ հնարավոր արտահերթ ընտրությունների, նոր ԱԺ-ում հայտնվելու շանսերի մասին խոսեց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ։
– Ի վերջո, «Լույս» դաշինքը ընդդիմադի՞ր ուժ է։
– Պետք է ֆիքսենք, որ Երեւանի ավագանիում մենք իշխանություն չենք։ Մեր հետագա հռետորաբանությունը կախված է լինելու իշխանության, քաղաքապետի վարքագծից։ Այսինքն՝ եթե ցուցաբերվի պատրաստակամություն համագործակցելու ավագանու շրջանակներում եւ որոշումները կայացնելու համընդհանուր քննարկումներում, բնականաբար մենք կունենանք կոնստրուկտիվ տրամադրվածություն եւ կաշխատենք ըստ այդմ։ Խոստովանեմ՝ ունենք էսպիսի ակնկալիք։
– Չունե՞ք մտավախություն, որ չեք կարողանա հաղթահարել անցողիկի շեմը եւ, հետեւաբար, խորհրդարանում մանդատներ չեք ունենա։
– Իհարկե, նման մտավախություն չունենք։ Մենք արդեն ֆիքսել ենք մեր տեղն ու դիրքը ընտրություններում՝ մեր ունեցած սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ներկայություն ապահովելով Երեւանի ավագանիում։ Նոր խորհրդարանում եւս ապահովելու ենք ավելի էական ներկայություն։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում