Aravot.am-ն անդրադարձել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի (լուսանկարում) խնդրին. 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ եւ դիմել են ԿԳ նախարարին ու ՀՀ վարչապետին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Սյունիքի մարզպետարանից, քանի որ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ասել էր, որ խնդիրը մարզպետարանի գործառույթների շրջանակում է:
Սյունիքի մարզպետարանից ստացել ենք հետեւյալ գրավոր պարզաբանումը. «Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 24-ին, երբ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դադարեցրել է դասապրոցեսը եւ հայտարարել գործադուլ եւ դասադուլ, անմիջապես Գորիս են մեկնել, կոլեկտիվի անդամներին հանդիպել ու լսել Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանն ու Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը:
Կոլեկտիվի պահանջով երկարատեւ հանդիպում-զրույց-քննարկում է կայացել դպրոցից դուրս վայրում: Եվ հենց իրենց՝ մանկավարժների պահանջն է եղել այն,որ հնչեցված բողոքները, դժգոհությունները գրավոր ներկայացվեն ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ինչն էլ կատարել է մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը: Այդ մանկավարժների դիմումը սեպտեմբերի 25-ին ուղարկվել է ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակ: Իսկ կոլեկտիվին Գոռ Թադեւոսյանն ու Մերի Գանդալյանը հորդորել են շարունակել բնականոն ուսումնական գործընթացը, որը եւ իրականացվել է հաջորդ օրը: Այս պահին խնդիրը գտնվում է նշված փուլում՝ ՀՀ առաջին փոխվարչապետի արձագանքին սպասելիս, իսկ մարզպետարանը այս գործընթացում կարող է գործել միայն ՀՀ օրենսդրության սահմաններում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ