Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. «Ես զարմանում եմ, թե ինչու են իրենք հանդուգն կերպով, անընդհատ ավելի լարում իրավիճակը». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2018 11:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական ուժերի բանակցությունները ակնկալվում է հրատապ ռեժիմով անցկացնել։ Սա թույլ կտա, որ հնարավորինս շուտ որոշվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմները եւ ժամկետները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Նա չբացառեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մինչեւ տարեվերջ։ Խմբակցության ղեկավարը նշեց, որ օրակարգում առկա է արտահերթ ընտրությունների անցկացման երկու տարբերակ։

Լենա Նազարյանը նշեց, որ «Հանրապետական» խմբակցության դիմադրությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնելու հասարակության շրջանում։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ հասարակության վերաբերմունքը իրենց նկատմամբ բացասական դառնա։ «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշակի զիջումների գնա, որպեսզի վարչապետի հրաժարականի եւ երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման առիթ լինի, Լենա Նազարյանը բացառեց։ ԵԼՔ խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ որեւէ քաղաքական ուժի շահն առաջնային չի լինելու։

«Եթե այս ամենն անկարեւոր է եւ առաջ են քաշվում շահեր, նախապայմաններ, ցանկություններ, ապա հարց է առաջանում՝ այդ ուժերն ինչի՞ մասին են մտածում, ո՞ւմ մասին են մտածում, ի՞նչ շահերի են ծառայում։ Իրենց նպատակը պորտֆելներ ունենա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց ակնկալիքները իրականանան։ Տեղի կունենան ազատ եւ անկախ ընտրություններ, ՀՀԿ-ն էլ կմասնակցի ու իր քվեները կստանա։ Ես զարմանում եմ, թե ինչու են իրենք հանդուգն կերպով, անընդհատ ավելի լարում իրավիճակը, երբ բացահայտվում են կոռուպցիոն գործարքներ եւ շատ պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվում։ Նրանցից ոչ մեկն այս ընթացքում ափսոսանք չհայտնեց, որ նման բաներ են տեղի ունեցել իրենց իշխանության ժամանակ»,- նշեց Նազարյանը։

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարելու մեխանիզմներին եւ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, Լենա Նազարյանը չբացառեց, որ հարկ եղած դեպքում իշխանությունները կօգտագործեն նաեւ փողոցային պայքարի տարբերակը։ Այնուհանդերձ, օրվա իշխանությունները նախընտրում են բանակցային ճանապարհը։ «Փողոցային պայքարը վերջին էտապն է։ Դա ամենաանցանկալի ճանապարհն է, որը չեմ բացառում, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել բանակցելու։ Եթե այլեւս հնարավոր չլինի բանակցել, ապա չեմ բացառում, որ մարդիկ դուրս գան փողոց։ Դա ցանկալի չէ, քանի որ այդ տարբերակը խաթարում է բնականոն ընթացքը»,- ասաց պատգամավորը։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930