Լրահոս
Օրվա լրահոսը

Դա այն «ավտորիտար իշխանությունն» է, որի իշխելու պայմաններում Փաշինյանը հիմնել է կուսակցություն, դաշինք կազմել այլ կուսակցությունների հետ, ընտրվել խորհրդարանի պատգամավոր. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 27,2018 10:59

Խոսքն, իհարկե, ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթի մասին է, դրանում հնչած Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների, իրողությունների վերաբերյալ խիստ միակողմանի, վիճելի, որոշ դեպքերում իրականությանը չհամապատասխանող պնդումների:

Թե որքանով է ՄԱԿ-ի ամբիոնը սեփական երկրի ներքին իրողություններին անդրադառնալու համապատասխան հարթակը, մի կողմ դնենք: Դա որեւէ գործչի քաղաքական տեսանկյան ու մոտեցման հարց է:

Նմանապես մի կողմ դնենք եւ այն մոտեցումը, որ պետության փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտնվելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ամբիոնի մոտ, նպատակահարմար համարեց պախարակել պետության նախորդ ղեկավարներին, նախորդ իշխանություններին:

ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԱՎՏՈՐԻՏԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Դառնանք Փաշինյանի կոնկրետ ձեւակերպումներին:

«Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին: Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի եւ աննախադեպ հեղափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մեծ հարց է, իհարկե, թե որքանո՞վ աննախադեպ կարելի է համարել ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը, քանզի նախքան այս էլ «թավշյա», «գունավոր», այդ թվում՝ անարյուն հեղափոխություններ եղել են: Առավել եւս մեծ հարց է, թե որքանո՞վ կարելի է մեր երկրում ապրիլ-մայիսին տեղի ունեցածը բնորոշել որպես հեղափոխություն, մանավանդ որ կատարվածն, ըստ էության, արտահերթ ու անարյուն իշխանափոխություն էր ընդամենը: Բայց այդ դիտարկումներն այսպես՝ ի միջի այլոց:

Կենտրոնանանք «ավտորիտար իշխանություն» բնորոշմանը, որ Փաշինյանը տալիս է Հայաստանի նախորդ իշխանություններին: Ուրեմն այդ «ավտորիտար իշխանության» նախաձեռնությամբ ընդունվել է եւ գործում է մի սահմանադրություն, որով, օրինակ, երաշխավորված են գաղափարախոսական բազմակարծությունը եւ, ուշադրությո՛ւն՝ բազմակուսակցական համակարգը:

Դա այն «ավտորիտար իշխանությունն» է, որի իշխելու պայմաններում Փաշինյանը հիմնել է կուսակցություն, դաշինք կազմել այլ կուսակցությունների հետ, ընտրվել խորհրդարանի պատգամավոր:

Այդ «ավտորիտար իշխանությունը», մի քանի ամիս առաջ, ունենալով օրինական բոլո՛ր հիմքերը, հնարավորինս ձեռնպահ մնաց ոստիկանական ուժի գործադրումից, ավելին՝ «ավտորիտար իշխանության» ղեկին կանգնած Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց պետության ղեկավարի պաշտոնից:

Բայց բազմաթիվ այլ հանգամանքներ էլ եթե դնենք մի կողմ, այդ «ավտորիտար իշխանության» իշխելու պայմաններում, օրինական եւ մրցակցային, ազատ ընտրություններով ձեւավորվել են խորհրդարաններ, խոշոր քաղաքների ավագանիներ, որոնցում ներկայացված են եղել տարբեր քաղաքական ուժեր, կուսակցություններ:

ԱՅԴ Ո՞Ր ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Առավել եւս, վերջին՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Այն ընտրությունների, որոնց մասին Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց մասնավորապես հետեւյալը. «Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր եւ հեղափոխության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի եւ ճնշումների գործադրմամբ»:

Հարց է ծագում. հապա ինչո՞ւ էիք այդ՝ «ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով» ձեւավորված խորհրդարանում գրեթե մեկ տարի խորհրդարանական խմբակցություն ղեկավարում: Ինչո՞ւ էիք առհասարակ վերցրել նման խայտառակ ընտրություններով, ինչպես ըստ էության նշում եք, կամ ավելի ճիշտ՝ չընտրությամբ ստացած պատգամավորական մանդատները:

Եվ ո՞ր խորհրդարանական ընտրության մասին է նման կերպ խոսում վարչապետ Փաշինյանը: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո, ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ի դեպ, տեղի չունեցան, այսպես կոչված, «հետընտրական զարգացումներ»: Ա՞յն ընտրությունների, որոնք, ուշադրությո՛ւն, թե՛ մասնակիցների մեծամասնության, թե՛ մասնավորապես միջազգային հանրության, այդ թվում՝ արեւմտյան, եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են օրինական, ազատ եւ արդար: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո ոչ բոլորը, իհարկե, բայց հաջողության չհասած առանձին ուժեր շնորհավորեցին խորհրդարան անցածներին:

Ա՞յն ընտրությունների, որոնք տեղի են ունեցել նաեւ քաղաքական փոքրամասնության եւ հասարակական սեկտորի, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ ու, ինչպես հիմա է բացարձակ ակնհայտ դարձել՝ կեղծ իրավապաշտպանական շրջանակների հետ քննարկումների շնորհիվ փոփոխված Ընտրական օրենսգրքի ու մեխանիզմների, համատարած տեսահսկման պայմաններում: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո հրապարակվել են քվեարկության մասնակիցների ցուցակները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930