Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հաջորդ ամիս շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Այս մասին, ինչպես Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը:
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստի շրջանակում:
«Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել հետաքրքիր և կարևոր մտքերի փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման շուրջ, և թե ինչ է անհրաժեշտ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, այդ թվում կլինի համանախագահների այց տարածաշրջան»,- ասել է Մամեդյարովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ