Կոմպոզիտոր, Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը, ով ընդգրկված էր նախորդ ավագանու կազմում, չի թաքցնում, որ իր ձայնը տվել է Հայկ Մարությանին. «Ձայնս տվել եմ Հայկոյին ու ընտրությունների մասին շատ բարձր կարծիքի եմ, գտնում եմ, որ սա առաջին ընտրություններն էին՝ չհաշված Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունը, երբ ժողովուրդն անկաշկանդ, հանգիստ գնաց ու իր ձայնը տվեց իր ուզած մարդուն։ Իհարկե, ձայնը տվեցին Նիկոլին, իսկ եթե Նիկոլը գտնում է, որ Հայկոն է պետք, թող Հայկոն լինի։ Մենք բոլորս կողմ ենք, ու ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ»։
Նախորդ ընտրություններին՝ ընդամենը մեկ տարի առաջ, երեւանցիների 71 տոկոսը ձայնը տվեց Տարոն Մարգարյանին. ինչո՞վ է բացատրում մարդկանց մոտ այդ փոփոխությունը։ Երզնկյանն ասաց. «Հեղափոխություն է եղել, ամեն ինչ հնարավոր է, ժողովուրդը հիմա ինչ-որ հավատ ունի, մի քիչ ավելի տրամադրված է, ապագա է տեսնում»։
Թեպետ անցած ավագանու ընտրություններին անձամբ ինքը չի նկատել որեւէ խախտումներ, բայց մեկ է՝ խոսակցություններ եղան, որ ինչ-որ բան այնպես չի եղել. «Իսկ այս անգամ ամեն ինչը նորմալ էր, եւ ես գտնում եմ, որ դա շատ նորմալ է, եւ հարկավոր է, որ դա մենք շարունակենք»։
Նախորդ ավագանան էր ավելի լավ աշխատում, թե՝ նորն ավելի արդյունավետ կաշխատի։ «Ես հույս ունեմ, որ նորն ավելի լավ կաշխատի (ծիծաղում է), որովհետեւ ես իմ մասով հասկացել եմ, որ՝ որպես ավագանի, կարող եմ միայն մասնագիտական օգնություն ցույց տալ մշակույթի եւ սոցիալական հարցերում, մնացած հարցերում ես բան չեմ հասկանում։ Հուսով եմ, որ այս ավագանիներն ավելի բանիմաց կլինեն։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։
Կուզե՞ր նոր ավագանու կազմում լինել. Երզնկյանն ասում է՝ ո՛չ կուզեր, ո՛չ էլ առաջարկ է եղել։ «Ես իմ գործն ունեմ, եւ կոպիտ սխալ էր իմ կողմից, որ նախորդի դեպքում համաձայնեցի, ինչի՞ս էր պետք, 3 տեղ աշխատում եմ՝ ամբիոնի վարիչ եմ, պրոֆեսոր, նվագախմբի ղեկավար, Մանկավարժական ինստիտուտում եմ դաս տալիս, հերիք է, էլի»,- ասաց նա ու հավելեց, որ նախորդ անգամ համաձայնել էր, քանի որ անձամբ Տարոն Մարգարյանն էր իրեն խնդրել, դրա համար չէր կարողացել մերժել. «Ես պատվավոր քաղաքացի եմ եւ պարտավոր եմ իր խնդրանքին ուշադրություն դարձնել, համոզեց մարդը, ասաց՝ ամիսը մի անգամ է, արի, ես էլ գնացի, բայց հասկացա, որ իմ տեղը չէ»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում