«Միասին կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը, ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը ոչ մի նշանակություն չպետք է ունենալ իրավունքների պաշտպանության վրա». Արման Թաթոյան
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հետ մեր աշխատանքների եւ ջանքերի շնորհիվ էր, որ կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը, ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը ոչ մի նշանակություն չպետք է ունենալ իրավունքների պաշտպանության վրա:
Իրավունքի պաշտպանությունը միշտ առաջնային է, այնտեղ էլ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսեւորում են միակողմանի մոտեցում ու մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում այդ հարցերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հրաժարականին: Նա ասաց՝ տեղեկություններ չունի, թե ով կփոխարինի Մելիքյանին, իսկ հրաժարականի պատճառները, ըստ Թաթոյանի, Մելիքյանը գրել է facebook-ում:
«Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարական տեսանկյունից ճանաչելի դարձնել աշխարհին: Կարեւոր է նաեւ այնտեղի բնակիչների իրավունքների պաշտպանությունը»,- հավելեց Արման Թաթոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ