Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցներում կուտակված աղբը մաքրելը մեկ օրվա գործ է, բայց հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է». «Փաստ»

Սեպտեմբեր 27,2018 10:34

«Հայք (Հայկազունիներ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանին զարմացրել է այն փաստը, որ անգամ այն համայնքներից, որտեղից իրենք քվեներ էին սպասում, չկարողացան ստանալ: Թեկնածուի դիտարկմամբ, չի բացառվում, որ անգամ իրենց համակիրներից կարող է ընտրություններին մասնակցած չլինեն:

«Մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն էր խնդիրը, որ այդքան քիչ մասնակցություն եղավ այն ընտրատարածքներից, որտեղից մենք բավականին շատ ձայներ էինք ակնկալում: Խոսքը հիմնականում Արաբկիր, Ավան և Նորք–Մարաշ վարչական շրջանների մասին է»,– ասաց Գևորգ Հովսեփյանը:

«Փաստի» լրագրողի հետ զրույցում նա նշեց նաև, որ չնայած ստացած ձայներն այնքան էլ իրենց չի գոհացրել, բայց փոխարենը իրենց համակիրների բանակն է մեծացել: Շատացել են զանգերը, ովքեր գոհունակություն են հայտնում ազգային արժեքների ու ընդհանրապես արժեհամակարգի վերականգնմանն ուղղված իրենց հայտարարություններին ու կոչերին:

«Պատկերացրեք, որ մարդիկ հուզվել են, որ մենք կարողացել ենք այն հարցերի մասին խոսել, ինչի մասին ոչ մի քաղաքական ուժ չի խոսում: Զանգահարողներից մեկն այնքան հուզված էր, որ նույնիսկ լաց էր լինում: Այսինքն, մարդիկ խեղված արժեհամակարգը վերականգնելու պահանջ ունեն, և զանգերը դրա մասին են խոսում»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Նա համոզված է, որ քարոզարշավի ընթացքում բարձրացված հարցերը՝ աղբահանություն, քաղաքային տրանսպորտ և այլն, ավելի հեշտ է լուծելը, բայց կորցրած արժեհամակարգը վերականգնելու համար տարիների, եթե չասենք սերունդների համառ աշխատանք է հարկավոր:

«Փողոցներում կուտակված աղբը մաքրելը մեկ օրվա գործ է, բայց հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է: Կարևորն այն է, որ մեզ հաջողվեց հասարակության ուշադրությունը հրավիրել մեր կողմից բարձրացված հարցերի վրա, որը հետագայում ավելի ցայտուն կերպով կարտահայտվի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Ես հույս ունեմ, որ այդ ժամանակ ոչ թե աղբամանների մասին կխոսեն, այլ իրենց գաղափարախոսության, և արդեն ավելի ցայտուն կդառնան կուսակցությունների կողմից առաջարկվող արժեհամակարգային դրույթները: Իրականում, մեր ուզածն այն է, որ բոլոր կուսակցություններն, ի թիվս այլ հարցերի, խոսեն նաև մեր կորցրածի ու այն վերականգնելու մասին, խոսեն այն կեղծ արժեքների դեմ, որ ներկայում կա, խոսեն մեր արժեհամակարգի արմատավորման մասին»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Նա համոզված է, որ կուսակցությունները, որոնք իրենց ազգային են համարում, իր նշած ճանապարհով կգնան: Ի դեպ, քաղաքական պայքարի ժամանակ Գ.Հովսեփյանը ոչ թե իրենց ձայներն ավելացնելու կամ քաղաքական այլևայլ հնարքներ բանեցնելու միջոցով սեփական ռեյտինգը բարձրացնելու մասին է մտածում, այլ ավելի շատ օրախնդիր դարձած ազգայնականության հարցը բարձրացնելու մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930