ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՔԾ-ի որոշումը բողոքարկելու մասին
2016 հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի Հայաստան կատարած այցելությունից անմիջապես հետո ՀՔԾ-ն որոշել է կասեցնել նշված քրեական գործը, որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում։
2017 թ․ հուլիսին փոխանցել եմ ՀՔԾ՝ ավագ քննիչ Գ․Վ․ Բեգոյանին ապացույցներ, որոնք հաստատում են, որ Սարի թաղում բռնություն իրականացնող անձիք գործել են ոստիկանության ուժերի հետ համաձայնեցված։ Պ-ն Բեգոյանը այդ ժամանակ հայտնել է ինձ, որ այդ օրը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, բոլորը հայտնի են քննչական մարմնին և հարցաքննվել են։ ՀՔԾ-ին հայտնի են նաև ոստիկանության զորքերի այն ծառայողները ովքեր այդ օրը կիրառել են ցուցարարների դեմ հատուկ միջոցներ։ Անհրաժեշտ եմ գտնում բողոքարկել ՀՔԾ-ի վերոհիշյալ որոշումը։ Այս գործով տուժող քաղաքացիներին պատրաստ եմ ցուցաբերել աջակցություն՝ որոշումը բողոքարկելու գործում։ Հարցին վերաբերվող, ինձ մոտ առկա տեղեկությունները հայտնելու եմ հանրությանը հոկտեմբերի 2-ին ժամը 20։00-ին իմ Ֆեյսբուքյան էջում։