Լրահոս
Օրվա լրահոսը

Առասպելների հետ չեն վիճում

Սեպտեմբեր 27,2018 10:02

Օրերս հերթական տաքսիստն ինձ ապշեցրեց բավականին տարաշխարհիկ համեմատությամբ: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանը գնա… Ուրուգվայի ճանապարհով: Ես տարակուսեցի՝ ինչո՞ւ Ուրուգվայի (սովորաբար «Սինգապուր» են ասում): Եվ վարորդը, զարմանալով այդ երկրի պատմության մասին իմ աղոտ գիտելիքների վրա, հետեւյալ պատմությունն արեց. «Պարզվում է», Ուրուգվայի առաջին նախագահը, որն, ըստ վարորդի, պաշտոնավարում էր 20-րդ դարի սկզբին, ազգությամբ հայ էր: Նա ռուսական բանակի նախկին սպա էր, որը փախել էր Ուրուգվայ, այնտեղ սկզբից ճորտություն էր անում, բայց հետո ապստամբություն բարձրացրեց եւ դարձավ, տաքսիստի խոսքով, «Ուրուգվայի Լենինը կամ Փաշինյանը»: Եվ այդ հայի շնորհիվ Ուրուգվայն արդեն 20-րդ դարի սկզբներին դարձավ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը: (Համենայնդեպս նշեմ, որ իմ տեղեկություններով՝ Ուրուգվայն անկախություն է ձեռք բերել 1825 թվականին, երկրի առաջին փաստացի նախագահն է Խուան Անտոնիո Լավալյեխան (1784-1853): Լուսանկարում նրա դիմանկարն է: Երկրում իսկապես կա ազդեցիկ հայ համայնք, ապրում են բազմաթիվ հարգված հայրենակիցներ):

Տաքսիստի ներկայացրած պատմությունը հստակ ձեւով արտացոլում է մեր ժողովրդական առասպելաբանությունը, ըստ որի՝ ա/ եթե աշխարհում ինչ-որ բան է կատարվում, ապա անպայման հայի մատը խառն է, եւ բ/ մեկ մարդու գերմարդկային ջանքերով հնարավոր է լուծել երկրի բոլոր խնդիրները:  Դրա համար կարելի է գտնել մի հեռավոր երկիր եւ կուրորեն հավատալ դրա վերաբերյալ առասպելաբանությանը՝ չփորձելով ստանալ որեւէ գիտելիք: Իհարկե, մեզանում նույնատիպ առասպելներ կան նաեւ Հայաստանի մասին, այդ թվում՝ անցած 27 տարիների վերաբերյալ:

Վիճել մարդկանց հետ, նրանց կարծրացած պատկերացումներին հակասող բան համոզել՝ անիմաստ է: Արհամարհելը, վերեւից նայելը ոչ միայն անիմաստ է, այլեւ խիստ դատապարտելի: Մյուս կողմից՝ եթե դու ունես որոշակի տեղեկություններ, զուտ ամբոխահաճությունից ելնելով, դրան հակառակ բաներ խոսելը նույնպես, ինձ թվում է, սխալ է:

Ինձ թվում է՝ գիտելիքը, քո իմացած փաստերը պետք է ներկայացնել հանգիստ, անվրդով, առանց կրքի, ոչ մեկին եւ ոչ մի բանի չհակադրվելով: Հենց որ դու սկսում ես փրփուրը բերանիդ պաշտպանել «քո համոզմունքները», դու ընկնում ես քո սեփական առասպելաբանության ծուղակի մեջ: Որովհետեւ ոչ մի ճշմարտություն բացարձակ չի:

Կա հանդուրժողականության երկու տեսակ. 1/ ես, միեւնույն է, ճիշտ եմ, բայց ոչինչ՝ ես քեզ թույլ եմ տալիս խոսել, 2/ չկա «իմ» ու «քո» ճշմարտություն, որովհետեւ, վերջին հաշվով, չկա «ես» եւ «դու» բաժանում՝ բոլորս մեկ միասնականության մասնիկներ ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Խուան Անտոնիո Լավալյեխան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Տաքսիստների հետ չեն վիճում, առասպելների հետ կարելի է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930