Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Քոչարյանի օրոք բազմիցս զրպարտվել է, բայց դատի չի տվել, ինչպես նա՝ վարչապետին

Սեպտեմբեր 27,2018 16:30

Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին ոչ Սասունցի Դավիթ է համարում,
ոչ էլ վախենում է, որ կդառնա Մսրա Մելիք

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ոչ թե ժողովրդավարություն է հաստատվել, այլ անձի պաշտամունք է՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կիսում: Ես կարծում եմ, որ անձի պաշտամունքի վտանգը միշտ եղել է գոնե որոշակի իրենց սատարող շրջանակներում: Մեր բոլոր նախկին ղեկավարները՝ թե դե յուրե, թե դե ֆակտո նախագահներն ունեցել են այսպես թե այնպես անձի պաշտամունքի դրսեւորումներ, ու ի տարբերություն դրա՝ մենք, թեկուզ վիճահարույց ճանապարհով, հետ ենք կանգնել հերոսացման գայթակղությունից: Համարում ենք, որ ամեն մեկը միշտ պիտի հիշի, որ թե՛ իրենցից առաջ կան ղեկավարներ, թե՛ իրենցից հետո կլինեն հերոսներ: Կարծում եմ՝ սա պարոն Փաշինյանի մարտահրավերն է, որովհետեւ ինքը գտնվում է կոնկրետ պատասխանատվության տակ, ինքը նաեւ գտնվում է աննախադեպ քաղաքական եւ անձնական, անհատական վիճակում, եւ մեծ կարգապահություն է ենթադրում, որ ինքը այս կարեւոր ազգային ծառայությունից հետո հիշի, որ նրանից առաջ եղել են, նրանից հետո կլինեն, ու իր անձնական տեղն ու դերը պատմագրության մեջ հիմնված կլինի այս հարցում իր կողմնորոշումից, թե ինքը ինչպես կվարվի: Հույս ունեմ, որ ինքը հեռու կվանի անձի պաշտամունքի անող իր շրջապատում ոմանց հակումներից ու գայթակղութունից, այդ դեպքում ինքը արժեք կմնա ու կկարողանա հաղթել այդ հոսանքը, որը առկա է: Եթե ինքը կարողանա հաղթահարել, զսպել ու վանել, իր պետական ծառայությունն ավելի երկար ու որակյալ կլինի եւ կտարբերվի նախորդ իշխանությունների կնիքից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ նաեւ ՀՀԿ-ականների այն գնահատականի հետ, թե Նիկոլ Փաշինյանը Սասունցի Դավթից է խոսում, բայց դառնալու է հերթական Մսրա Մելիքը հայ ժողովրդի գլխին, ու այն ժամանակ, երբ նրան սատարողներն արթնանան այդ նիրհից ու թափ տան, արդեն ՀՀԿ-ն էլ նրան չի փրկի: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ Սասունցի Դավիթն է, ոչ էլ Մսրա Մելիքը, նա Նիկոլ Փաշինյանն է՝ այդ անվան ամբողջական իմաստով:

Քոչարյանը դատի է տվել վարչապետին զրպարտության համար՝ վկայակոչելով Ֆրանսիայում արված այս հայտարարությունը. «Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Մեր հարցին՝ Դուք Քոչարյանին սպանությունների կազմակերպիչ համարո՞ւմ եք ու ինչպե՞ս կմեկնաբանեք նրա արարքը՝ վարչապետին դատի տալը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Որպես նախկին իրավաբան՝ հետաքրքիր է, որ հազար ու մեկ անգամ զրպարտվել եմ, բայց դատի չեմ տվել, դա իմ մոտեցումն է ազատ խոսքի, թեկուզ անհիմն կամ սին խոսքի նկատմամբ: Ես չէի անի ու այդ դառնանուշությունը, այդ քաղցր հարվածները ես ստացել եմ բոլոր իշխանությունների օրոք, այդ թվում եւ պարոն Քոչարյանի, այնպես որ՝ ինձ համար դա համոզիչ փաստարկ չէ: Ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը կրում է բարոյական բարձրագույն պատասխանատվություն Մարտի 1-ի համար, ինչ վերաբերում է սպանություններին, դա պետք է որոշի դատարանը, եւ գտնում եմ, որ այդ հարցում պետական պաշտոնյան չպետք է խախտի անմեղության կանխավարկածը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով «Ժառանգությունից» դուրս եկած գործիչների մասին, ասել էր, որ դա ճշգրիտ քայլ չէր. «Այս ընտրությունները փաստարկեցին, որ դա միգուցե ամենաճիշտ լուծումը չէր ոչ մեկի համար»: Մեր հարցին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով՝ «Երկիր ծիրանին» գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է ստացել, քան «Ժառանգությունը», ինչո՞վ եք սա բացատրում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս ընտրությունների արդյունքները պետք է բոլորին իրենց դիրքորոշումները վերանայելու տեղիք տան: Ես ուրիշի արածը չեմ կարող ասել՝ սխալ է, թե ճիշտ, պետք է ամեն մեկը վերանայի իր մոտեցումը, պետք է դասեր քաղեն այս հետագծից, իսկ եթե հարցը Զարուհի Փոստանջյանի մասին է, նա շատ լավ քաղաքական գործիչ է, այս վերջին շրջանում ավագանիում եղել է շատ ակտիվ՝ որպես ընդդիմություն, եւ այդ ակտիվությամբ, առաջատար լինելով հանդերձ, ինքը եւս չկարողացավ հաղթահարել շեմը, եւ իր բուն մտածելիքը դրա մասին է: Ամեն մեկը իր պահով պիտի մտածի: Իսկ մեր պահով կարող եմ ասել, որ լիքը համակրանքով հանդերձ՝ «Ժառանգությունը» տակավին տեղավորված չէ քաղաքական դաշտի արդյունքների տեսակետից մրցունակ լինելու համար, եւ ես կարծում եմ՝ եթե թեկնածուն լիներ այլ, օրինակի համար՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սեդա Աղբալյանը, մեր քվեները կրկնակի շատ կլինեին»:

Մենք փորձեցինք վեր հանել այն հնարավոր պատճառները, թե ինչու «Ժառանգությունը» այս ընտրություններին այդքան քիչ՝ 1 տոկոսից էլ պակաս ձայն ստացավ: Օրինակ՝ մարդիկ, հնարավոր է, հիշում են, որ «Ժառանգությունը», Սերժ Սարգսյանին համարելով ոչ լեգիտիմ նախագահ, սահմանադրական փոփոխությունները համարելով սխալ, լինելով ընդդիմություն ու անխնա քննադատելով Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, գնաց Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունների, ու իր առաջարկներից որեւէ մեկը Սերժ Սարգսյանը չընդունեց, տեղ չհասավ, արդյունքում մնացին Սարգսյանի հետ ձեռքսեղմումները, ֆոտոսեսիաներն ու քննադատությունները՝ այդ դրվագի հետ կապված: Ուստի մեր հարցին՝ հետադարձ հայացքով նայելով՝ չե՞ք զղջում այդ քայլի համար, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն ժամանակ այդ որոշումը կայացվեց վարչության կողմից, այդ նիստին ես չէի մասնակցում: Դա վարչության որոշումն է, եղել են ամենատարբեր վարչության որոշումներ, որին հակառակ եմ եղել ես, բայց ես կրում եմ այդ որոշման պատասխանատվությունը: Դա եղել է թե՛ ընտրական ցուցակների, ընտրության մասնակցության ձեւաչափերի մասին, բազմաթիվ դեպքեր եղել են: Հիմա մարդ կա, որ իր սկզբունքին դեմ լինելով՝ ինքը պոռթկում է եւ դուրս է գալիս, ուրիշը մնում է, այդ հակասությունը փորձում է հաջորդ քայլերով հաղթահարել: Դրա համար իմ զղջալու բանը չէ, դա վարչության որոշումն էր, իրենք կայացրին, նույնիսկ կարելի է քաղաքական նոր մշակույթի սահմաններում համապետական հարցեր քննարկել քո հակառակորդի հետ, քեզ բանտարկողի հետ, քո կողմից ոչ լեգիտիմ համարվող մարդու հետ, եթե հանրային պետական շահը գերակա ես համարում: Իսկ այդ հանդիպման մեջ ես տեսա ուղղակի խորհրդակցություն: Դուք գիտեք՝ դրանից հետո ինչ արտահայտություններ եղան տարբեր գործիչների, նաեւ մեր գործիչների կողմից, ես չէի միանա այդ պիտակավորումներին: Եթե մեկը ինձ կոչի դիակ, թե հաճախորդ, թե դավաճան, ես միայն կարող եմ ժպտալ եւ ասել՝ շնորհակալություն»:

Հարցին՝ Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» արձանագրած արդյունքը ինչքանո՞վ կխանգարի կամ կազդի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա, որովհետեւ Դուք էլ ասացիք, որ նախընտրելի է ԱԺ ընտրությունները լինեն տարեվերջին, կարճ ժամանակ է մնացել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք կարող էինք եւ չմասնակցել ուրիշների նման՝ հերթական անգամ վախենալով կամ խորշելով պայքարից, իմանալով, թե ինչ է իրական վիճակը Հայաստանում եւ Երեւանում: Բայց մենք գնացինք՝ իմանալով, թե ինչ է իրական վիճակը: Իհարկե, ոչ մեկն ի սկզբանե չգիտեր, թե ինչ կլիներ վերջնարդյունքը, եւ ամեն մեկը հույս ուներ, որ ինքը լավ արդյունք կունենա, բայց մենք ոչ միայն արդյունքի համար, այլեւ մասնակցության ընթացակարգի համար մասնակցեցինք, որ ցույց տանք, որ այսպես եւս հնարավոր է: Առաջիկա ընտրությունները ցույց կտան՝ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է «այսպես եւսի» օգտին քվեարկել, թե՞ այն, ինչ գրանցվեց, օբյեկտիվ իրականություն է այս տարվա կտրվածքով»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

26.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Յովհաննիսեան, խի՞ սպասէք դեռ յաջորդ ընտրութիւններին, քաշուելէ առաջ քաղաքական բեմից… դուք ալ աւելի շուտ կը հանգստանաք, մենք ալ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930