Նախընտրական շրջանում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը որքան էլ հույս ունեին կամ կոչ էին անում քաղաքապետարանում ավագանու կազմը բազմակուսակցական ներկայացված լինի, չստացվեց: «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է՝ 57 անդամ ունի ավագանիում, 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս» դաշինքը:
Ինչպե՞ս է «Լույսն» ընդամենը 3 անդամով մեծամասնության որոշումների դեմ պայքարելու, եթե, իհարկե, այդ որոշումները խնդրահարույց լինեն եւ ոչ ի նպաստ Երեւանի:
«Լույս» դաշինքից Երեւանի ավագանու անդամ ընտրված Դավիթ Խաժակյանն ասում է. «Մենք հավասարակշռելու եւ հակակշռելու ենք ավագանու մեծամասնությանը: Դա ավագանու 3 անդամով բարդ է լինելու անել, բայց մենք մեր ողջ ուժերը կներդնենք այդ աշխատանքն իրականացնելու համար եւ հակակշռելու: Զուգահեռ մեր ողջ կուտակած փորձը՝ այս 1,5 տարիների ընթացքում, սիրով կցանկանամ ներդնել, որպեսզի օգնենք մեծամասնությանը, քաղաքապետին եւ աշխատակազմին Երեւանում կուտակված խնդիրները լուծելու համար: Այս երկու պատասխանատվությունը մենք կստանձնենք: Թե որքանով մեծամասնությունը կօգտվի դրանից՝ բնականաբար, կտեսնենք գործունեության ընթացքում»:
«Իմ քայլը» դաշինքը այսպիսի գերակշիռ մեծամասնություն կազմելով՝ մի տեսակ նախկին իշխանություններին՝ ՀՀԿ-ին է նմանվում, ԱԺ-ում, ավագանիում մեծամասնություն լինելու իմաստով: Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս պարագայում՝ մեր այս հարցին ի պատասխան Դավիթ Խաժակյանն ասում է. «Դա կախված է «Իմ քայլը» դաշինքի մոտեցումներից, շատ բան կախված է առաջին հերթին ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանից: Համենայնդեպս, որպես նախնական, դրական «սթարթ»՝ մենք ունենք պատրաստակամություն կոնստրուկտիվ աշխատելու: Բայցեւայնպես մենք գիտենք՝ ինչպես են աշխատում իրական ընդդիմադիրները, ինչպես է տեղի ունենում այդ հակակշռումը, եւ անհրաժեշտության դեպքում մեր իմացությունը եւս կարող ենք կյանքի կոչել: Բայց, իհարկե, ցանկանում ենք մեր աշխատանքն իրականացնել փոխվստահության, համագործակցության մթնոլորտում»:
Խաժակյանը հիշում է, թե ինչպես են ՀՀԿ-ի հետ նույն ավագանու կազմում աշխատելու ժամանակ հաջողել ՀՀԿ-ի ներկայացրած որոշ որոշումներ կասեցնել: «Նման դեպքերը շատ են եղել՝ սկսած մեր գործունեության սկզբում կարմիր գծերի դեպքից, երբ կարմիր գծերի համար հաղորդագրություններով վճարումը պետք է թանկանար՝ 150 դրամ դառնար: Դա կասեցվեց բացառապես մեր ջանքերով: Եվ ես չեմ հիշում գեթ մեկ դեպք ցույցի: Կար հասարակական բողոք, սոցցանցերում գրում էին, բայց բողոքի ակցիա չի եղել: Եվ մենք ինտենսիվորեն աշխատել ենք քաղաքապետարանի ներսում, գրություններ ենք իրենց ուղարկել, լուծման տարբերակ ենք առաջարկել, եւ հենց այդ լուծման տարբերակով էլ խնդիրը լուծվել է: Իհարկե, շատ են եղել դեպքեր, երբ բախվել ենք պատին, չի ստացվել վիճակը շտկել, եւ փորձել ենք ամեն ինչ անել մեր ուժերի ներածի չափով: Հիմա էլ փորձելու ենք նույնն անել»:
Խաժակյանը «Իմ քայլի» հետ համագործակցության առումով լավատես է. «Ես անձամբ լավատես եմ, որովհետեւ որեւէ բանից կաշկանդվելու խնդիր չունեմ, մենք կարող ենք շատ արագ ամեն ինչին արձագանքել, թե՛ դրականին՝ դրականով պատասխանել, թե՛ բացասականին՝ բացասականով արձագանքել»:
ՀՀԿ-ի եւ «Իմ քայլի»՝ որպես մեծամասնություն, ինչը նշանակում է՝ ավագանիում այլ ուժերի քվեարկության կարիքը չունենալ եւ «միանձնյա» որոշում կայացնելու մասին մտահոգություններին էլ Խաժակյանն այսպես է արձագանքում. «Ես ցավով պիտի ասեմ՝ ոչ միայն Երեւանի ավագանիում եւ ոչ միայն ընտրություններին նման հարաբերակցությունը՝ ընդդիմադիր եւ իշխանական ուժերի, չի նպաստում այդ համակարգի կայացմանը: Բայցեւայնպես քանի որ այս ընտրությունները վերածվեցին վստահության հանրաքվեի, պետք է ասենք, որ սա կողմնակի էֆեկտ է: Այսինքն՝ սա ոչ թե 80 տոկոսանոց վստահություն էր քաղաքապետի թեկնածուին, ծրագրին, թիմին, այլ վստահություն էր խորհրդարանը ցրելուն եւ Նիկոլ Փաշինյանին: Այս տեսանկյունից ցավում եմ, որ 3-ով ենք ներկայացված: Բայց դա այն կողմնակի էֆեկտն էր, որը եղավ ընտրությունների տրամաբանության մեջ: Իհարկե, լավ կլիներ, որ այդ վստահության հանրաքվեն դրսեւորվեր այլ կերպ, քան քաղաքային իշխանությունը ձեւավորելու տեսքով: Բայց… ունենք այն, ինչ ունենք, եւ պետք է աշխատենք ըստ այդմ»:
«Լույս» դաշինքի անդամներն ավագանիում չեն ստանա հանձնաժողովների ղեկավարների պաշտոններ, բավարար չէ ներկայացվածությունն ու քվեն, ԲՀԿ-ն՝ նույնպես: Խաժակյանն ասում է՝ Դոնթի բանաձեւով մանդատների համամասնությամբ են բաշխում այդ բանաձեւերը: Ըստ էության, «Իմ քայլը» Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, ավագանիում լինելու է՝ «Էս ծառն իմն է, էս սարն իմն է» տրամաբանությամբ. փոխքաղաքապետերի, թաղապետերի, հանձնաժողովների նախագահների պաշտոններն էլ են իրենցը եւ հնարավոր է՝ վարչության պետերի էլ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
26.09.2018