«Եթե սպիտակ համարանիշով քշենք, ամեն մի ակտը 200 հազար դրամ է: Նախարարն էլ չի տալիս: Արդեն քսան օր է՝ այս մեքենաները գարաժում կանգնած են, պետք է սպասարկեն, մի հատ ստորագրությունն ի՞նչ է, որ չեն տալիս` դուրս գանք երթուղի»,- երեկ կառավարության առաջ այսպիսի դժգոհություն ներկայացրին Երեւան-Արմավիր երթուղագծի վարորդները. «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները նոր բերված մեքենաներով կառավարության առաջ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով դեղին պետհամարանիշներ: Ընկերության պատասխանատուները պնդում էին, որ փաստաթղթային որեւէ խնդիր չկա, եւ որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անձնական մոտեցմամբ է առաջնորդվում. «Տենդերը շահել են, մեքենաները շահագործելու թույլտվություն ունեն, հիմա խնդիրը նախարարության թույլտվությունն է, որպեսզի դրա հիման վրա ԳԱՅ-ի վարչությունը տրամադրի դեղին համարներ, որպեսզի կարողանան ուղեւորներին տեղափոխեն, աշխատեն»:
Ցույցի մասնակիցների եւ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ հանդիպեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին, որ այս ընկերության առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման:
Ըստ նախարարության պարզաբանման. «Ընկերությունը պահանջում է Երեւան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20-տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (ներկայում շահագործվում է 22 տրանսպորտային միջոցով):
Նշենք, որ այս կերպ փորձ է արվում ձախողել ՀՀ-ում, մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ հաշվի առնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից սպասարկող Երեւան-Արմավիր ավտոբուսային երթուղու սպասարկման ժամկետ է սահմանված 2022 թվականը: Հետեւաբար մինչեւ 2022 թվականը հնարավոր չէ կազմակերպել միասնական երթուղային ցանցի մրցույթ, բացի այդ՝ ներկայացված առաջարկությունը հանգեցնում է մրցութային պայմանի կոպիտ խախտման:
Ինչ վերաբերում է նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելուն, ապա նախարարությունը ողջունում է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը կանոնավոր փոխադրումներում եւ ընկերության տնօրինությանը առաջարկել է փոխարինումն իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցները իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից եւ ունեն 20 նստատեղ:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը մի կողմից՝ նշում է, որ երթուղին աշխատում է թերծանրաբեռնվածությամբ, իսկ մյուս կողմից՝ ցանկություն է հայտնում 20 ավտոբուսով ավելացնել ավտոբուսային երթուղին՝ 10-ով պակասեցնելով միկրոավտոբուսայինը: Ուղեւորահոսքի վերաբերյալ հստակ դիրքորոշում ստանալու համար անհրաժեշտ է, որ նախարարությունը կարողանա ավարտին հասցնել իրականացվող ուսումնասիրությունները: Դրանից հետո միայն հնարավոր է տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որից հետո էլ միայն հավելյալ տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է թույլատրվել մրցույթների կազմակերպման եւ անցկացման շրջանում»:
Տրանսպորտի, կապի ռւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը հորդորել է չձախողել երթուղու բնականոն աշխատանքը, վերացնել երթուղում առկա խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
26.09.2018