Ծերանոցում մահացել է Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը: Նա քառասունհինգ տարի անցակցրել էր նախկին խորհրդային կալանավայրերում, տասնհինգ դատավճիռ են կայացրել դատարանները նրա վերաբերյալ: Նա հանցաշխարհում հայտնի էր Ուդի մականունով: Օգոստոսի 9-ին նրա գրքի շնորհանդեսը կազմակերպվեց «Լեւ Գրուպ» իրավաբանական գրասենյակում: Ուդին մասնակցեց իր «Ինչու է աղմկում հոգիս» բանտային վավերագրության շնորհանդեսին, ասաց իր խոսքը, ներսում կուտակվածը: Նրա գանգատը, ինչպես տեղեկացրել էինք, գտնվում է ՄԻԵԴ-ում եւ նա սպասում էր անհամբեր, որ իր՝ կալանավայրերում գտնված ժամանակ պետական կարիքների համար օտարված հայրական տունը կվերադարձվի իրեն փոխհատուցման ձեւով: Նա երազում էր ապրել իր տանը, ոչ ծերանոցում:
Տպագրում ենք մի հատված նրա՝ օրերս լույս տեսած գրքից:
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ
ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարեւոր չէ նշել այն բոլոր մարդկանց անունները, որոնք կոմունիստական տոտալիտար պատժամիջոցներով գնդակահարվեցին կամ 25 տարով Յակուտիա, Կոլիմա, Պեչորա ուղարկվեցին: Կոմունիստական արյունարբու քաղաքականությունից հարբած` մահապատիժ կամ տաժանակիր աշխատանքի պատիժ էին որոշում այն մարդկանց նկատմամբ, որոնք հանցանք են կատարել միայն ու միայն իրենց արժանապատվության ու խղճի ազատության համար: Օրինակ՝ Չախկոյի ու միլիցիայի պետ գեներալ Ավետիկովի հետ կապված դեպքը: Ավետիկովը իբր ուզել էր Չախկոյին գաղափարապես եւ հոգեպես կոտրել, ստիպել էր նրան ներկայանալ իրեն` երբ կանչի: Չախկոն պատասխանել էր. «Ես քո ստրուկը չեմ, դու կարող ես քո մանկլավիկներին հրամայել»: Ավետիկովն ասել էր. «Դե լավ, կտեսնենք,-ու ավելացրել,-դու գող ես, պիտի ենթարկվես»: Չախկոն պատասխանել էր. «Օրենքին, բայց ոչ քեզ: Եթե հանցանքի մեջ մեղադրվեմ, բոլորովին ցավ չի պատճառի ինձ: Օրենքը հասկանում եմ, բայց քո քմահաճույքը կմնա անկատար: Քմապաշտությունդ կհասնես միայն դիակիս վրայով»: Ավետիկովն ասել էր. «Խոստանում եմ, թեկուզ քո դիակի վրայով, բայց իմ ասածը կլինի»: Չախկոն ուղղակի ասել էր. «Իմացի` մեռած ես»: Խոսակցությունը եղել էր հեռախոսով, որովհետեւ Չախկոյին հեշտ ու հանգիստ Ավետիկովի մոտ տանել պրակտիկորեն հնարավոր չէր, իսկ իր ոտով գնալը բացառված էր: Չախկոն այնքան խելացի ու արդարացի տղա էր, որ նրան բոլորն էին սիրում ու հարգում, ոչ միայն հանցագործ աշխարհի ներկայացուցիչները կամ քաղաքի բնակիչները, այլեւ Ավետիկովի ենթակարգերը, ստորակարգերը: Եթե այդ թվերին իրավաբանական գիտությունը զարգացած լիներ, ապա Ավետիկովի կամայականությունն ու քմահաճույքը չէր դառնա իր ու Չախկոյի մահվան պատճառ: Չախկոն սպանեց Ավետիկովին, իսկ Չախկոյին, դատարանի որոշմամբ, գնդակահարեցին: Ահա թե ինչպիսի հետեւանքների կարող է հասցնել ոչ պրոֆեսիոնալիզմը:
Զվեր Միշիկը Չախկոյի հետ ախպեր տղա էր: Զվեր Միշիկին նույն ճակատագրին կարժանացնեին, եթե քրեական օրենսգրքում փոփոխություններ չկատարվեին, մահապատիժը չփոխվեր 25 տարով: Զվեր Միշիկը կալանքից վերադարձավ 1971 թվին` առանց ոտքերի, բայց, Աստծո կամքով, մահացավ իր հայրական տանը: Հազար ողորմի: Հիմա ուզում եմ ներկայացնել Երեւանի ջահել գողերից Սվո Ռաֆին, որին շատերն են ճանաչում կամ լսել են: 1954 թվին Ռաֆը դատվեց Երեւանում: Քաջարանի Օխչիի գաղութում էր: Ազատվեց կալանքից, գնաց Մոսկվա: Դատվեց Մոսկվայում, բայց տարան Տաշքենդ, համամիութենական մասշտաբով «սպեց» ռեժիմով բանտ` «Կարաուլ բազար»: Սվոյին տարել էին այդ բանտը մինչեւ քրեական օրենսգրքի փոփոխությունը, մինչեւ 1961 թիվը, երբ գոյություն ուներ երեք ռեժիմ. 1) ընդհանուր` անկախ դատվածությունների քանակից, 2) բանտային ու 3) հատուկ բանտ: Հատուկ բանտ կար նաեւ Հայաստանում` Կամո (Քյավառ) քաղաքում, որը համարվում էր Անդրկովկասյան: «Կարաուլ բազար» հատուկ բանտը համամիութենական գողերի ու հեղինակությունների, իսկ Քյավառինը` Կովկասի գաղութներում եղած գողերի ու հեղինակությունների համար էր: «Կարաուլ բազարի» դաժան ռեժիմը ներկայացնել դժվարանում եմ, որովհետեւ միայն հալալ կաթնակեր, հոգեպես եւ գաղափարապես ուժեղ տղան կարող էր գոյատեւել եւ չենթարկվել օպեր մասի հավաքագրմանը:
Դա մեթոդ էր` որոշ գողերի կամ հեղինակությունների համոզելու, որ հրաժարվի իր գաղափարներից կամ համագործակցի իրենց հետ: Նրանց նպատակը հանցագործության դեմ պայքարը չէր:
Դա անում էին հանուն իրենց շահի` պաշտոնը եւ կոչումը բարձրացնելու, վերադասի գովասանքին արժանանալու համար: Ինչեւէ, այդ բանտում, որտեղ կալանք էր կրում Սվոն, շատերը չդիմացան, ուրացան թասիբն ու նամուսը, իսկ ոմանք էլ բամբակ կուլ տվին` հիվանդանոց գնալու նպատակով, որովհետեւ միայն վիրահատման միջոցով կարելի էր փրկել նրանց կյանքը: Այդ դաժանության պայմաններում Սվոն անցկացրեց բանտարկության տարիները եւ դիմակայեց իր տղամարդկային բարձր եւ ուժեղ կամքի շնորհիվ: Այդ ամրակազմ, հաղթանդամ տղամարդը (իմ տեսածը) դարձել էր 38 կգ: Ազատվելուց հետո էլ մնաց Ռաֆ, Սվո Ռաֆ: Հանդիպեցինք Ռաֆի հետ դրսում` Երեւանում: Նա այնքան մեծահոգի էր, որ բանտում կոտրվածներին չէր հիշեցնում, երեսով չէր տալիս, որ չդիմացան «պրեսին»: Սվոն չէր նեղում, չէր ցածրացնում նրանց, ասում էր. «Մարդիկ բոլորը մեկ չեն, հետեւաբար ես ինձ թույլ չեմ տա պահանջել ուրիշներից լինել այնպես ուժեղ ու համարձակ, ինչպես ես: Դա անհնարին է»: Դրանով էլ է բացատրվում Ռաֆի հոգեբանությունն ու բարոյականությունը:
Վերջին անգամ Սվո Ռաֆի հետ հանդիպել ենք Հայաստանում, Վերին Խաթունարխում՝ 1968թ.-ին, նրա կալանքից ազատվելու կապակցությամբ կազմակերպված խնջույքին: 1969 թվին ես Բասարգեչարի գաղութում էի: Իմացա, որ Ռաֆն ամուսնացել է Գիժ Բաբոյի աղջկա հետ, այսինքն` Ռաֆի հետ խնամիներ դարձանք, որովհետեւ ես ու Բաբոն երկու եղբոր թոռներ ենք: Իմ Արմենակ պապը (մորական) ու Բաբոյի Պետրոս պապը հարազատ եղբայրներ էին: Մայրս էլ է ծնվել Խաթունարխում: Բաբոյին 1965 թվին Ռուսաստանից բերեցին Բասարգեչարի գաղութ: 25 տարի էր կալանքը: Հարգելի ընթերցող, չզարմանաս, որ այդ թվերին 25 տարի պատժաչափ չկար: Բացատրում եմ: Երբ պետականորեն քրեական օրենսգրքում հոդվածների պատժաչափի մաքսիմալը դարձավ 15 տարի, բոլորինը, ով 25 կամ 20 տարի էր, փոխեցին, բայց գողերինը ու գաղութային ռեժիմի շատ խախտումներ ունեցողներինը մնաց 25 տարի: Օրինակ` Ձեթօճառի Ձեթոն մի քանի 25 տարի էր ստացել կալանքի ընթացքում, բայց 30 տարին լրացավ, ազատվեց կալանքից ու եկավ Երեւան: Այսինքն, մի քանի 25 տարի ասելով` հասկանում ենք, որ կալանավայրում սպանություն կատարելու համար ավելացնում էին իր սկզբնական 25 տարուց կրած կալանքի չափը: Եթե 23 կամ 24 տարի էր մնացել 25 տարուց, նորից դառնում էր 25, այսինքն` ավելացնում էին մեկ կամ երկու տարի: Ինչեւէ, Ձեթոն պատրաստված, կարդացած, քաղաքավարի տղա էր, հայհոյանքը բացառվում էր նրա լեքսիկոնից: Անգամ մեր լավ ախպեր տղերքից Մայիսը (Կնդոն) կատակում էր, թե` Շավարշ ջան, հլա մի հատ քֆուր տուր: Անցան տարիներ, իմ ազատության մեջ եղած ժամանակ պարբերաբար Շավարշի հետ հանդիպում էինք Քաչալ Սքեի տանը կամ Ստալինյան սադում, ներկայիս Կոմիտասի զբոսայգում:
Հետո գաղութում էի, իմացա` Ձեթոն գնացել է Ամերիկա` Լոս Անջելես: Ուզում էր ինձ իր հետ տանի, ասում էր` քո գործը չի, ես կսարքեմ: Ես չհամաձայնվեցի: Ծնողներս Հայաստանում են, պապերիս գերեզմանը` նույնպես:
Պատրաստեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
26.09.2018