Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջեւանից ապօրինի մուտք էին գործել Հայաստան, հասել Երասխ գյուղի օղակաձեւ հրապարակ

Սեպտեմբեր 27,2018 14:30

Բասիր Ղոլամջեյրանի Նիազիին եւ Նեմաթոլլահ Փարվիզի Քուչայիին Վեդիի դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման 3-ական տարի ժամկետով: Պատժի սկիզբը պետք է հաշվել 2017թ. հուլիսի 24-ից:

ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազ, մեղադրանքը դատարանում պաշտպանող Էդ. Արսենյանի մեղադրանքի համաձայն, Բասիր Ղոլամջեյրանի Նիազին նախնական համաձայնության գալով իր ծանոթ՝ ազգությամբ աֆղան, Նեմաթոլլահ Փարվիզի Քուչայի հետ, անցյալ տարվա հուլիսի 24-ին, ժամը 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանն եւ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար մարզից ապօրինի մուտք գործել Հայաստան: Նրանք հասնելով Երասխ գյուղի օղակաձեւ հրապարակ՝ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ամբաստանյալները մասնակի էին ընդունել մեղադրանքը: Չէին ընդունել այն, որ իրենց ոստիկաններն են բռնել, ասել էին, թե կամավոր են հանձնվել: Բասիրը ցուցմունք էր տվել, որ իր երկրում հնարավորություն չի ունեցել ապրելու, աշխատելու, պատերազմի ժամանակ եղբորը սպանել էին, հայրը որոշել էր իրեն ուղարկել Եվրոպա, որտեղ կկարողանար ապրել եւ աշխատել: Նա Քաբուլում աշխատելու ժամանակ ծանոթացել էր Էմալ անունով մի երիտասարդի հետ եւ Թուրքիա գնալու համար նրան պետք է տար 1000 ԱՄՆ դոլար: Էմալն իրեն խնդրել է իր հետ վերցնել նաեւ նրա ծանոթ Նեմաթոլլահին: Իրենց հետ Թուրքիա մեկնելու ցանկություն ունեցող այլ մարդիկ էլ կային, մոտ 100 հոգի: Ճանապարհին իրենց բռնել են եւ հանձնել Իրանի ոստիկաններին, նրանք էլ ասել են, որ իրենց պետք է վերադարձնեն Աֆղանստան, սակայն նրանք այնտեղից փախել են, որպեսզի Աֆղանստան չգնան. «Եկել ենք Երասխ, չեմ իմացել, որ եկել ենք Հայաստան, քանի որ պետք է գնայինք Եվրոպա»: Նա խնդրել էր՝ ազատ արձակել:

Նեմաթոլլահ Փարվիզի Քուչայը կրկնել էր գրեթե նույն ցուցմունքը: Նա ասել էր. «Ես պետք է գնայի ուրիշ երկիր, օրինական ճանապարհով, Հայաստան գալու նպատակ չեմ ունեցել: Գնացել ենք Թուրքիա, թուրք ոստիկաններն իրենց բռնել են, հանձնել Իրանի ոստիկաններին, սակայն մենք փախել ենք: Ճանապարհն անցել ենք ցամաքով եւ ջրով: Խնդրում եմ իմ նկատմամբ քիչ պատիժ տալ»:
Ամբաստանյալները մայիսից բողոքում են՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ, այն է` իրենց ճանաչել անպարտ եւ արդարացնել` դադարեցնելով քրեական հետապնդումը եւ ամբողջովին կարճել քրեական գործի վարույթը:
Դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ երկու նիստ է տեղի ունեցել: Հոկտեմբերի 2-ին հավանաբար կավարտվի բողոքի քննությունը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930