Օրերս բազմամարդ էր Մարտակերտի մանկական ստեղծագործական կենտրոնի բակը: Սաների ձեռքներին ալիքվում էին հայկական հանրապետությունների պետական դրոշները, հնչում էին հայրենասիրական ու ազգագրական երգեր, թեւածում էր «Յարխուշտան» եւ ավանդական «Քոչարին»: Այսուհետ կենտրոնը կրելու է մարտակերտցիներին քաջ հայտնի, նրանց մեծ բարեկամ, անձնվեր հայի՝ Սարգիս Հացպանյանի անունը: Մարդ, ով 90-ականների սկզբին Սորբոնի համալսարանն ավարտելուց հետո թողեց Փարիզի ապահով կյանքն ու եկավ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում եւ իր կյանքը հավերժ կապեց հայրենիքի հետ: Երկհարկանի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ներդրումներով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծ հայրենասերի հիշատակը, այնուհետ խոսք ասաց «Հայրենիք» միության գործադիր մարմնի ատենապետ Հակոբ Ալեքսանյանը:
«Հայրենիք» միության անդամներից Հակոբ Բաշմակյանն էլ իր խոսքում նշեց. «Մենք տերն ենք մեր հողին եւ սփյուռքը ձեզ հետ է», իսկ Լեւոն Թորոսն էլ հավելեց, որ կենտրոնի անվանակոչությամբ մենք կատարեցինք մեր պարտքը Սարգիս Հացպանյանի նկատմամբ: Տիկին Դոնիկյանն էլ նկատեց, որ Սարգիսը շարունակում է ապրել բոլորիս սրտերում: Մանկական ստեղծագործական կենտրոնի 18 բազմաբնույթ խմբակների աշխատանքների, ձեռքբերումների մասին պատմեց կենտրոնի տնօրեն Ռիմա Իզմիաիլյանը: Վերջինս «Հայրենիք» միությանը նվիրեց կենտրոնի սաների հեղինակած «Միացում» գոբելենը:
Սրտի խոսք ասացին նաեւ Սարգսի երեւանյան ընկերները, մասնավորապես՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը, որը կենտրոնին նվիրեց Սարգիս Հացպանյանի մեծադիր դիմանկարը ու Արման Դանիելյանը: Վերջինս Հացպանյանի տիկնոջը՝ Հասմիկ Պողոսյանին հանձնեց ամուսնու հետմահու պարգեւը՝ «Ֆիդայիներ» կազմակերպության նույնանուն մեդալը: Մարտակերտի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն էլ փոխանցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Սարգիս Հացպանյանի հետմահու մեկ այլ պարգեւը՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալը:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ»
26.09.2018