Զարմանալի բան է մարդու ճակատագիրը: Բառի բուն իմաստով հիանալի եւ հիանալու այս գիրքը լույս է տեսել մինչ քաղաքական վերջին զարգացումները եւ՝ նախկին առաջին տիկնոջ հովանավորությամբ: Գիտեմ, որ նա բարեսիրաբար մեծապես աջակցել է նաեւ Կարինեի առողջության հանկարծահաս խնդիրը լուծելու գործում, եւ ուզում եմ ասել՝ հեղափոխական հասկանալի հրճվանքի մեջ զգույշ քննարկեք նման բաները…Իր սիրած Մ. Ցվետաեւայի մի տողը փոքր-ինչ փոխելով՝ ասեմ, երախտագիտության սյունին է գամված, եւ վայ երախտամոռներին:
Գրախոսությունից առաջ եւ դրանից դուրս այսքանը կամեցա ասել:
Կարինե Աշուղյանի բանաստեղծությունների «Հմայլիներ» ժողովածուից մինչեւ «Հմայագիր»՝ նրա պոեզիան զարմանալի, բայց եւ միաժամանակ օրինաչափ զարգացման ընթացք է ապրել. երբեմն զգացողություն կա, թե նոր գիրքը նախորդի ինքնաբերական շարունակությունն է, մինչեւիսկ կարող է թվալ, թե իրականում «Հմայագրի» շատ ու շատ գործեր կարող էին լինել նաեւ «Հմայիլներ»-ում, եւ սակայն կան այնպիսիք, որ նոր շնչառության եւ նոր թափի մեջ են գրված:
Կարինեի բանաստեղծությունը հմայում է մարդկային կյանքի ճիշտ ու գեղեցիկ, խոր ու խորախորհուրդ ճանապարհներով, ինչպես եւ լինելության շղթան կազմող օղակների անսահման հաջորդականությամբ: Հեղինակի համոզմամբ՝ այդ օղակները «ձեռնադրումների» պահեր են, ձեռնադրումների շարունակական ընթացք, որտեղ կենսաբանական գոյությունը զուգահեռվում, շաղկապվում է հոգեւոր, զգացական, ներաշխարհային լինելության հետ.
Հայրս պարզեց ինձ
իր ձեռքը ազնիվ,
մայրս իր ձեռքը
իմ ձեռքին հպեց՝
շարունակելով
դեռ նախնիներիս
սկսած ծեսը:
Ձեռնադրումները խորախորհուրդ ծեսեր են, որոնցով արարվում, շարունակվում է մարդկային կյանքը՝ մի ամբողջության մեջ հավաքելով ու ներկայացնելով գոյությունն ապահովող նյութական ու ոգեղեն, ազգային ու համամարդկային արժեքները: Ահա այսպես օրինաչափությամբ է, որ անհատը մարդկության ծովի մի կաթիլն է դառնում՝ շարունակելով նախնիների սերունդը, դրանով իսկ դառնալով ամբողջի մասը.
…առաջին անգամ
կռվող երկաթի,
բահի, գութանի,
մարտադաշտերի
ու մագաղաթի,
օրորոցային երգող
մոր կաթի,
առաջին անգամ
հնչած աղոթքի,
անգիր հեքիաթի
ու մագաղաթի,
ջրի ու քարի,
հողի ու հացի
սրբազան բույրով
ձեռքերս օծած
գիտեմ՝ ճիշտ ժամն է.
ձեռքդ բեր, տղաս…
Յուրաքանչյուրն անցնում է իր ճանապարհը, սկսելով երկաթի դարից մինչեւ «հողի ու հացի սրբազան բույրի» ըմբոշխնում: Այսպես, յուրաքանչյուրը գիտակցում է, որ աշխարհ է եկել շարունակելու, բացելու նոր ձեռնադրումների ճանապարհը, սակայն արժե հիշեցնել մի բան, որն ամենակարեւորն է այդ ճանապարհը գեղեցիկ անցնելու համար: Հենց դրա մասին էլ բանաստեղծուհու ուղերձն է՝ չմոռանալ այն, որ ճանապարհն անդունդներով է լի, իսկ անդունդները եզերված են կենցաղային իրականության եւ երազների ներկայացումներով.
Հազար անգամ ասացի ոչ
երազներին իմ ոչուփուչ,
նրանք համառ ծիկրակում են
հենց գայթելու-սայթաքելու
սրընթաց կույր վայրկյաններին…
Ինչի մասին են բանաստեղծուհու երազները: Այդ մասին նա ունի ինքնախոստովանության մի գեղեցիկ պահ՝
Ինքդ քեզնից ծածուկ,
անհնարին-քաղցր
երազները բոլոր
զգայական վերհուշն
ու վերապրումն են
քո երջանկության
երանիների…
Այսինքն՝ կարոտ: Կարելի է ասել՝ կարոտակեզ հոգի, կարոտների թարգման՝ բանաստեղծուհի Կարինե Աշուղյան: Կրկնակի դժվար է քայլել անդունդներով լի ճանապարհներով, երբ նույն անդունդները եզերող իրականությունն ու երազները օրորվում են կարոտների գրկում: Երբեմն դրանք չեն ուզում ենթարկվել քեզ, ինչ ուզում ես՝ արա, բայց չեն մխիթարվում ու չեն սփոփվում, եւ տեսնում ես, որ՝
Երկինքն աննկատ իջնում է Երկիր,
եւ կարոտները՝ հեզ կամ խելահեղ,
վազում, պտտվում, շրջում են, սուրում,
թռչում, սլանում եւ սավառնում են,
սողոսկում նույնիսկ անկյուններն ամեն՝
ամենայնից ու ամենքից ծածուկ…
Նման որակներով երեւութականացող կարոտները, ասես, նախշազարդեր են դառնում իրականությամբ ու երազներով երիզված անդունդների գլխավերեւներում: Գեղեցիկ նախշազարդեր, որ հատուկ են ծաղիկներին:
Ծաղկած կարոտներ՝ անդունդների վրա: Ահա, թե ինչով է հմայում Կարինե Աշուղյանի գիր-հմայագիրը:
«Որտեղ մեռնում են ծաղիկները, մարդը չի կարող ապրել»: Բնաբանն այնքան համահունչ է փիլիսոփայող բանաստեղծուհու (կամ բանաստեղծող փիլիսոփայի՝ ինչ տարբերություն) «Անդունդի ծաղիկ» բանաստեղծությանը: Իսկ ո՞րն է ծաղիկը, եւ մի՞թե կարող է ծաղիկը բացվել անդունդի վրա, այնտեղ, որտեղ կյանքը նման է լարի վրա մեն-մենակ խաղացողի՝ «խենթի խոլապարի».
Կարծր կեցության
եւ լույս-երազի
եզրերով զատված
անդունդով ձգվող
մազե-մահառիթ,
պրկված լարին
մենակ ու խենթի
խոլապարն անսանձ՝
լարախաղացի
մի կյանք-ակնթարթ:
Անշուշտ, կա բացվող ծաղիկը նաեւ այստեղ, այլապես բանաստեղծուհու գրչի տակ կյանքը կդառնար «կարծր կեցության» զոհն ու կքարանար ինքն իր ավարտի մեջ: Անշուշտ, կա բացվող ծաղիկը, որն էլ Կարինե Աշուղյանի բանաստեղծական մտածողության մի գեղեցիկ արար է: Նրա խոսքը տառապանքի մեջ բացվող ծաղիկների մասին է, իսկ տառապանքը անդունդի խորությունն ունի.
…հետո բացվում են
եզրերն ի վար-վեր
ծաղիկներն՝ իբրեւ
աչքերն անդունդի,
առլեցուն ցողով՝
արցունքով աստղի:
Անդունդների աչքերը ծաղկատեսք, ու նրանց մեջ թափված աստղե արցունքը նկատելը կյանքի փիլիսոփայությունը բանաստեղծական հմայող հնարանքով ներկայացնելու վարպետություն է:
Կարինե Աշուղյանը բանաստեղծական մտածողության հնարանքներով հմայող բանաստեղծուհի է, որովհետեւ, երբեմն, մարդկային մտածողության ընդունված նորմերը սեփական խոհի զարդերով է նախշում: Կենդանակերպի 12 նշաններից զատ ու նրանցից վեր, ահա, բանաստեղծուհին մի ուրիշ նշան է գտել: Դա ամեն ինչ հովանավորող Սիրո նշանն է, որի համար կարեւոր չէ ծննդյան ամիսն ու օրը: Սիրո նշանը հայտնվում է՝ «Աստղատարի կամ վայրկյան անց»: Խճճված լինել կյանքի կծիկի մեջ, դեռ չի նշանակում փակվել՝ հարմարվելով ճակատագրով տրված նշաններին: Բանաստեղծուհին մատնանշում է ամեն ինչից վեր գտնվող նշանը, որ Սիրո նշանն է: Եվ դա է ամենակենսականը ու էություն պարգեւողը.
Չեմ հիշում՝ տարին,
ամիսն ու օրը,
հիշում եմ միայն՝
երկինք ու երկիր սիրով էր լցված…
Կարելի է երկար խոսել Կարինեի գրքում տեղ գտած անխտիր յուրաքանչյուր բանաստեղծության մասին, բայց ես կանգ առա մի քանի բանալի-բանաստեղծությունների վրա, հմայելով ընթերցողին, որպեսզի մնացածն ինքը վայելի: Ի դեպ, «Հմայիլներ»-ի խմբագիր Սամվել Մկրտչյանն էր ժամանակին այդպես ավարտել գրքի նախաբանը, կոչ անելով «վայելել սեւահողի մեջ ցանված գեղեցիկ ծիլերը»:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գրականագետ
«Առավոտ»
26.09.2018