Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդի հայ պոեզիան` գերմաներեն

Սեպտեմբեր 27,2018 12:30

«Արդի հայ քնարերգություն` Երեւանից Ծաղկաձոր» խորագիրն է կրում վերջերս Գերմանիայում հրատարակված ժամանակակից հայ բանաստեղծների` երկլեզվյան գերմաներեն-հայերեն անթոլոգիան (Ֆրանկֆուրտ, «Արվեստ եւ գիտություն» 2018), որը նոր գույն ու երանգ է հաղորդում հին ու հարուստ հայ թարգմանչական գործարվեստի համապատկերին: Ամեն ինչ սկսվեց 2016թ. հոկտեմբերից, ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանից, երբ հանդիպեցին Վիեննայում ապրող ավստրիացի բանաստեղծուհի, էսսեիստ ու հրատարակիչ Ռեգինա Հիլբերը եւ Մյունխենում բնակվող մեր հայրենակից, գրող, սցենարիստ ու թարգմանիչ Վանուհի Վահանյանը: Հենց այստեղ էլ ծնվեցին գաղափարը ու հանպատրաստից արված հայտարարությունը` արդի հայ բանաստեղծների անթոլոգիա հրատարակելու մասին:

Առանց չափազանցության, ինչպես դա վկայում են նաեւ նախաձեռնության հեղինակները, բանաստեղծական շարքեր ներկայացրեցին գրեթե բոլորը:

– Ստացված բազում ստեղծագործություններ ընթերցվեցին, փոխադրվեցին ու քննարկվեցին: Ընտրության գործընթացում բնականաբար անհնար էր առաջարկված բոլոր պոետական գործերը ընդգրկել այս հրատարակության մեջ, – գրում է նախաբանի հեղինակ Ռեգինա Հիլբերը:
Անթոլոգիայում ընդգրկված են երեք սերնդի տասնհինգ բանաստեղծներ` իրենց համառոտ կենսագրականներով, ինչպես նաեւ հրատարակչի ուղեկցող խոսքն ու Վանուհի Վահանյանի «Միեւնույն մեծ ջրամբարի տարբեր ավազանները» վերջաբանը:

Բազմաթեմա ու բազմամոտիվ, բանաստեղծական ինքնօրինակ լուծումներով հարուստ անթոլոգիան ներկայացնելիս հեղինակները հաշվի են առել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ստեղծագործողներին հավասարաչափ ընդգրկելու հանգամանքը: Այսինքն, երեք սերնդի տարբեր ներկայացուցիչներ, արդի հայ պոեզիայի «Մի ուրույն պատկեր են ամբողջացնում» եւ պատկերացում են տալիս հայ ժողովրդի դժխեմ ու մաքառումներով լի ոգեղեն պատմության, արդի պոեզիայի միտումների, հարուստ արտահայտչական միջոցների եւ գեղագիտական սկզբունքների մասին: Այս առնչությամբ ահա, թե ինչ է գրում Վանուհի Վահանյանն իր «Միեւնույն մեծ ջրամբարի տարբեր ավազանները» վերջաբանում. «…Լավագույն դեպքում արարվում է լավ պոեզիա, որը գուցե վարպետորեն է կիրառում ժամանակակից պոետիկային բնորոշ սկզբունքներն ու տիրապետում գրարվեստի շարունակաբար աճող բազում հնարքներին, սակայն արժեւորվում է ամենակարեւորով, երբ իր խոսքը «դիպչում է» մարդկանց սրտերին, երկխոսությունը կայանում է` լինի մեծ ջրամբարի իր փոքրիկ ավազանում, թե անտակ ու աներիզ այն ջրերում, որն ինձ աշխարհն է փոխնմանակում»:

Միաժամանակ ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չեղավ տպագրել «մի շարք լավ բանաստեղծություններ»` պայմանավորված նախապես սահմանված հատորյակի ծավալով:
Հատկանշական է, որ հրատարակիչն ու թարգմանչուհին առաջնորդվելով իրենց իսկ նախընտրած ձեւաչափով, փորձ են արել անթոլոգիայում հավասարաչափ ներկայացնել սերնդափոխության առանձնահատկությունները, որով, փաստորեն, պայմանավորվում է հայ պոեզիայի արդիականությունը:

– Այսպիսով, հայ քնարերգությանը հայտնի ձայներից մի քանիսը, ինչպիսիք են Արտեմ Հարությունյանը, Հրաչյա Թամրազյանը… սփյուռքից` Սլավի-Ավիկ Հարությունյանը, Սոնա Վանը եւ այն երիտասարդները, որոնք կամ ապագայում են գտնելու իրենց պոետական ձայնի, մեծաքանակ ունկնդիրներին (շատ խոստումնալից ու հանդգնորեն համարձակ են Մանե Գրիգորյանն ու Արթուր Մեսրոպյանը), կամ էլ արդեն տարբեր հրատարակություններում ի հայտ են եկել,- գրում է Ռեգինա Հիլբերը:
Իրավամբ, նախաձեռնությունը ողջունելի է, բայց ինչպես թարգմանչական ցանկացած այլ գործի, բնագիրը չի կարող լիարժեքորեն հնչել մի ուրիշ լեզվով: Այս առումով խնդրո առարկա անթոլոգիան եւս զուրկ չէ բնագրային կորուստներից, որի մասին իրենց խոսքը կասեն մասնագետները:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ»

26.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930