Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։
Նրա խոսքով՝ որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել դեսպանություն։
«Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգներ»,–ասաց նա։
Ֆուտբոլիստի մոր գնահատմամբ՝ դիվանագիտական անձնագիրը Հենրիխին այլ արտոնություններ չի տվել և նա արտոնյալ լինելու կարիք ամենևին չունի։
«Այդ անձնագիրն իրեն այլ արտոնություն չի տվել, ինքն էլ էն մարդը չի, որ այդ արտոնությունից օգտվեր, դիվանագիտական անձնագիր ունենալով, էնպես որ, ով որ հետ է պահանջել, թող իրենք մտածեն»,–ասաց նա։