Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Սեպտեմբեր 26,2018 23:40

 

2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդության արդյունքները

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 1990-ական թվականներից պարբերաբար իրականացնում է տեղական և համապետական ընտրությունների դիտորդություն, առավել մեծ ծավալով՝ սկսված 2008 թվականից: 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրել է քվեարկության դիտորդություն Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքի[1] բոլոր 23 ընտրական տեղամասերում: Դիտորդությունը իրականացվել է քվեարկության ողջ ընթացքում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստից (ժամը 7:00) մինչև քվեարկության արդյունքների ամփոփման ավարտը:

Ի տարբերություն նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված համակարգային խախտումների (ընտրողների ուղղորդում, կուտակումներ տեղամասերում և հարակից տարածքում, քվեաթերթիկների լցոնումներ, ընտրողներին խմբերով տեղամաս տեղափոխում, ընտրողների նկատմամբ հսկողություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ընտրողի կողմից  քվեարկության վերաբերյալ այլ անձանց տեղեկացում, «կեղծ» դիտորդներ և այլն), այս անգամ էական կամ համակարգային խախտումներ չեն արձանագրվել, իսկ արձանագրված խախտումները հիմնականում եղել են տեխնիկական բնույթի և պայմանավորված են եղել հանձնաժողովի անդամների կողմից իրենց գործառույթների կամ ընտրողների կողմից քվեարկության կարգի վերաբերյալ ոչ բավարար իրազեկվածության արդյունք: Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ արդյունքները որևէ կասկած չեն առաջացրել:

Դիտորդության արդյունքում արձանագրվել են հետևյալ անճշտությունները և խախտումները: Հաշվի առնելով, որ նկարագրված խախտումները հիմնականում կրել են ոչ դիտավորյալ բնույթ՝ ընտրական տեղամասերի համարները չեն նշվում:

Ընտրական տեղամասերի մատչելիություն և հասանելիություն

Դիտարկված 23 տեղամասերից 18-ը չեն ունեցել հարմարություններ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար (թեքահարթակներ, լայն դռներ): Տեղամասերից 6-ում առկա չեն եղել տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված պարագաներ կամ բրալյան այբուբենով քվեարկության թերթիկներ:

 

Տեխնիկական սարքավորման հետ կախված խնդիրներ

Տեղամասերից 6-ում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքը դժվարությամբ է ընթերցել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը, իսկ 8-ում՝ ընտրողների մատնահետքերը: 3 տեղամասերում սարքերը ոչ ընթեռնելի կամ կիսատ են տպել քվեարկության կտրոնները, մեկ տեղամասում սարքն արգելափակվել է: Տեղամասերից մեկում սարքը չի ճանաչել տվյալ ընտրական տեղամասի ցուցակում ներառված ընտրողի, մյուս դեպքում` ճանաչել ցուցակում չներառված անձանց տվյալները:

Ընտրողների կողմից թույլ տրված թերություններ և խախտումներ

Դիտարկված 23 տեղամասերից 18-ում ներկայացել են անձինք, որոնք գրանցված չեն եղել տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղամասերից 3-ում ընտրողը անձը հաստատելու նպատակով ներկայացրել է ՀՀ Ընտրական օրենսգրքով չնախատեսված փաստաթուղթ: Եվս 2 տեղամասում իր անձը հաստատող փաստաթղթով քվեարկությանը մասնակցած ընտրողը կրկին փորձել է քվեարկել:

Տեղամասերից 7-ում դիտարկվել են եզակի, իսկ մեկ տեղամասում՝ հաճախակի դեպքեր, երբ քվեարկության խցիկ մուտք են գործել 1-ից ավելի անձինք[2]: Եվս 6 տեղամասում արձանագրվել են քվեաթերթիկը քվեարկության խցիկից դուրս լրացնելու փորձեր, իսկ 4-ում՝ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքեր[3]: Նկարագրված գրեթե բոլոր դեպքերը վերացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Տեղամասերից 7-ում դիտարկվել են եզակի դեպքեր, երբ ընտրողը բարձրաձայնել է կամ երրորդ անձին հայտնել կատարված ընտրության մասին (դեպքերից 5-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, մեկը՝ «Իմ քայլը» դաշինքի, ևս մեկը՝ «Օրինաց երկիր» կուսակցության օգտին):

Տեղամասերից 5-ում քվեարկության մեկ ծրարում առկա են եղել 2 քվեաթերթիկներ (յուրաքանչյուր տեղամասում՝ մեկական դեպք):

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից թույլ տրված թերություններ և խախտումներ

Դիտարկված տեղամասերից 3-ում խախտվել է վիճակահանությամբ սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը, իսկ տեղամասերից մեկում՝ վիճակահանության արդյունքները ընդհանրապես չեն գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Տեղամասերից 2-ում գրանցամատյանում ոչ միշտ, իսկ մեկ տեղամասում՝ ընդհանրապես չեն գրանցել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձանց տվյալները:

Տեղամասերից մեկում հանձնաժողովի անդամը երկու անձի գրանցել է քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում՝ առանց նշված ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի կամ դատական ակտի, ապա, հասկանալով իր սխալը, ընտրողին թույլ չի տվել քվեարկել և ուղղորդել է համապատասխան տեղեկանք ստանալու: Մեկ այլ տեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողների ստորագրված ցուցակում գրանցել է ընտրողների անձնագրային տվյալները, այնուհետև ջնջել սպիտակեցնող նյութով:

Մեկ տեղամասում հանձնաժողովի կողմից գրանցամատյանում ոչ միշտ են գրանցվել արձանագրված խախտումները: Մեկ այլ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընթացքում տեղի է ունեցել ընդմիջում: Եվս մեկ տեղամասում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը չի սոսնձվել գրանցամատյանում: Դիտորդները հայտնել են, որ տեղամասերից 2-ում հանձնաժողովի նախագահը լիարժեք չէր տիրապետում իր գործառույթներին:

Տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կողմից  թույլ տրված թերություններ և անճշտություններ

Դիտարկված տեղամասերից 8-ում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը չի կրել վկայական, սակայն հանձնաժողովի նախագահի միջամտության արդյունքում խնդիրը վերացվել է: Տեղամասերից 3-ում արձանագրվել են վստահված անձի կողմից ընտրողների ստորագրված ցուցակներին ծանոթանալու դեպքեր: Տեղամասերից մեկում վստահված անձը փոխանցել է քվեարկության դեռևս չմասնակցած անձի վերաբերյալ տվյալներ:

Այլ դիտարկումներ

Տեղամասերից 2-ից մինչև 50 մետր շառավղով տարածքում դիտարկվել են մարդկանց, իսկ 3-ում՝  ավտոմեքենաների կուտակումներ: Տեղամասային կենտրոններից 2-ի հետ նույն շինությունում առկա է եղել ընտրական շտաբ:

[1] Ավան վարչական շրջան

[2] Նշված անձինք չեն գրանցվել գրանցամատյանում որպես քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձ:

[3] Դիտորդները արձանագրել բջջային հեռախոսի ձայնային ազդանշանը կամ լուսավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930